Գազի սակագինն անփոփոխ են պահում` տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բողոքի նոր ալիք է բարձրանում. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սկսել է կրճատել տեսուչներին: Այսպես, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձում է կոմպենսացնել սահմանին գազի գնի 15 դոլարի բարձրացման հետեւանքները, որպեսզի բնակչության համար երկրի ներսում իրենք էլ գազի սակագինը չբարձրացնեն:

Նշենք, որ անցած տարեվերջին լրացավ Հայաստանի ու «Գազպրոմ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի ժամկետը: Գործադիրը բանակցում էր գազի գնի շուրջ: Եւ անցած տարավերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. ««Գազպրոմ Արմենիա» եւ «Գազպրոմ» ընկերություններն իրենք պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Գնի մեջ որոշակի փոփոխություններ տեղի է ունենալու, գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, սակայն ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ` հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»:

Տեղեկացնենք, որ այժմ գազի սակագինը Հայաստանի համար բարձրացել է 10 տոկոսով` գործող 150 դոլարի փոխարեն այն 165 դոլար է` 1000 խմ-ի դիմաց: Ստացվում է, որ ընկերությունը սպառողների համար սակագինը թողնում է անփոփոխ` ներքին ռեսուրսների ու կորուստների հաշվին:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված` ներկայումս աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ` դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը: Փաստորեն ստացվում է, որ ընկերությունը որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել տեսուչների հաշվին` նրանց աշխատանքից ազատելով: Մինչդեռ, ըստ մասնագետների, գազի սակագինը հնարավոր է անգամ նվազեցնել ընկերության ծախսերի օպտիմալացման, կորուստների կրճատման եւ շահութաբերության նորմայի իջեցման հաշվին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում. այս մասին հայտնեցին ընկերության տեսուչները: Նրանց պատմելով` այն աշխատողները, որոնք այլեւս չեն աշխատելու որպես տեսուչ, աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում կստանան մինչեւ ապրիլի 26-ը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ տեսուչները կստանան երկու ամսվա աշխատավարձ մինչեւ նոր աշխատանք գտնելը: Բայց, փաստորեն, կան մարդիկ, որոնք պատրաստ են այս աշխատանքից ազատման վերաբերյալ պաշտոնական հրամանը վիճարկել դատարանում:

«Պատճառաբանում են, որ սահմանին գազի գինը բարձրացել է, իսկ կառավարությունը թույլ չի տալիս, որ բնակչության համար այն թանկանա, դրա համար էլ պետք է աշխատատեղեր կրճատեն, որ կարողանան իրենց շահույթը պահպանել: Ամբողջ «Գարզպրոմ Արմենիա»-ն ուռճացված հիմնարկ է. մի աշխատասենյակում հինգ հոգի նստած են, բայց երբ խորանաս, հաստատ կպարզես, որ նրանցից երկուսը ավելորդ են: Ընկերության ներսի աշխատողներին կրճատելու փոխարեն մեզ են ազատում»,- վրդովվեց տեսուչ Գեւորգը: Նշենք, որ կրճատման հետեւանքով մի հսկիչը 500 բնակչին սպասարկելու փոխարեն կսպասարկի 1000 բնակչի: Ի դեպ, նկատենք, որ այս դեպքում ավելանալու է հսկիչի աշխատանքային բեռը, բայց աշխատավարձը մնալու է նույնը:

«Քաղաքային համայնքներում, որտեղ բազմաբնակարան շենքեր են, մի հսկիչը սպասարկում էր 500-550 բնակչի, իսկ կրճատումներից հետո նա սպասարկելու է մինչեւ 1100 բնակչի: Իսկ գյուղական համայնքներում, որտեղ սեփական սեկտորն է, այնտեղ հսկիչը 350-400 հոգու նույն աշխատավարձով սպասարկելու փոխարեն կսպասարկի 750-800 հոգու: Ստացվում է` տուժում է ե՛ւ կրճատվող աշխատողը, ե՛ւ մնացողը: Չէ՞ որ վերջինը կրկնակի աշխատանք է կատարելու նույն աշխատավարձով: Ժողովներ են արել եւ բանավոր կերպով աշխատողներին զգուշացրել են կրճատվելու մասին, բայց ես չեմ շահելու ո՛չ մնալու եւ ո՛չ էլ կրճատվելու դեպքում: Ըստ էության, իրենք ընտրություն կանեն լավ եւ վատ աշխատողների միջեւ: Կան աշխատողներ, որոնք գումար են ստանում, բայց իրականում չեն աշխատում: Թող իրենց կրճատեն»,- «Ժողովուրդ» օրաթերթին իրավիճակը ներկայացրեց մեկ այլ տեսուչ:

Հավելենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ուռճացված ապարատի ու մեծ ծախսերի մասին շատ է խոսվել. Նաեւ` նախկինում խորհրդարանում գործող գազի հանձնաժողովն էր համապատասխան զեկույց հրապարակել, որպես գազի սակագնի վրա էապես ազդեցություն ունեցող գործոն մատնանշել նաեւ ապարատի ուռճացվածությունն ու մեծ ծախսերը: Ու, փաստորեն, «Գազպրոմ Արմենիան» այս խնդիրը փորձում է լուծել ոչ թե կենտրոնական ապարատի աշխատակիցների հաշվին (որտեղ հսկա աշխատավարձեր են վճարվում), այլ հասարակ աշխատողներին` տեսուչներին կրճատելով:

Ի դեպ, երեկ այս թեմային անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԵՒ հարցին, թե արդյոք «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում կրճատումներն արվում են խնայողություններ անելու մտադրությամբ, որ գազի սակագինը չբարձրանա, ասել է. «Իսկ հնարավո՞ր է այնպես եղած լինի, որ «Գազպրոմ»-ում, այլ հիմնարկներում ընտրություններից առաջ քաղաքական նպատակներով հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունած լինեն, որպեսզի համապատասխան չափով ավել ձայն ստանան ու լծակներ ստանան, եւ հնարավո՞ր է, որ այդ բոլորի համար վճարած լինեն քաղաքացիները… Մենք համարո՞ւմ ենք, որ Հայաստանում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարում է քաղաքացին, եւ այդ ընկերությունները լինում են ոչ էֆեկտիվ: Դուք համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա»:

Հ.Գ. ՀԾԿՀ-ն հրապարակել է, որ, ըստ ՀԾԿՀ հաշվետվության, վերջին տարիներին նվազել են բնակչության կողմից գազի սպառման ծավալները. 2017 թվականին բնակչությունը սպառել է 621.5 մլն խմ գազ, իսկ 2018 թվականին` 554.1 մլն խմ: Սա` իմիջիայլոց:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս