Armenian text to speach

Երբ բյուջեով սնուցվող «մուկ տշողներից» ու «շարիկ գլորողներից» ազատվում էր նախկին իշխանությունը, մարդիկ չէին քննադատում. օպտիմալացում` ցպահանջ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի, վերացվում է նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը: Քննարկման ինտրիգը ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն դարձնելու Փաշինյանի ավելի վաղ տված խոստումը նախագծում չներառելն էր:

Երկու ուժայինները «վարչապետի տակից» հանելուն կողմ է նաեւ ԼՀԿ-ն, եւ երեկ էլ այս՝ խոստումը դժելու հարցը վերստին բարձրացվեց Էդմոն Մարուքյանի կողմից: Մինչ նախագիծը կներկայացվի քվեարկության, նշենք, որ կառավարման ուռճացված համակարգի օպտիմալացման, «գոտիները ձգելու» եւ տարատեսակ «բալաստներից» ազատվելու հրամայականը նոր չէ, որ ի հայտ է եկել, եւ միայն նոր կառավարության օրոք չէ, որ անհրաժեշտություն է դարձել:

Այս ցավագին, բայց անխուսափելի պրոցեսի միջով անցել են նաեւ ՀՀ նախկին կառավարությունները եւ հօգուտ օպտիմալացման վկայակոչվել են մի շարք հիմնավորումներ, օրինակ` այն, որ կառավարման ապարատում առկա է բյուրոկրատական կենտրոնացվածության բարձր աստիճան, որ կա նոր գործառույթների առանձնացման եւ դրանց համար նոր մարմինների (կոմիտեներ, ՊՈԱԿ-ներ) ստեղծման եւ ուռճացման միտում, որոշումների արագ կայացմանը խոչընդոտող իրավասությունների ու պարտականությունների անհամաչափ բաշխում եւ այլն:

«Լակոնիկի» սիրահար Կ. Կարապետյանի օրոք, օրինակ, օպտիմալացվեցին գերատեսչությունների աշխատակազմերը, «կտրուկ կրճատվեցին» մի շարք ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, լուծարվեցին եւ վերակազմակերպման ձեւով միացվեցին նաեւ ՓԲԸ-ներ: Օպտիմալացման գործընթացն այդ օրերին, սակայն, կտրուկ հուզումների առիթ չտվեց, ավելին՝ հանրային կարծիքը մեծամասամբ աջակցում էր բյուջեի հաշվին «մուկ տշողներից» ու «շարիկ գլորողներից» ազատվելու պետության նախաձեռնությունը:

Այժմ, երբ նոր կառավարությունն է արմատական եւ մաշստաբային օպտիմալացման գործընթաց սկսել՝ փորձելով շարունակել նախկինների սկսած կուրսը, տեղեկատվական հարթակներում այս ամենը մատուցվում է որպես գործազրկությանը զարկ տալու, հեղափոխությանը մասնակցած քաղաքացիներին «քցելու» միտում: Անշուշտ, օպտիմալացումը ենթադրում է նաեւ հաստիքային որոշակի կրճատում եւ դրա հետեւանքով ի հայտ եկող գործազուրկներ, սակայն սա անխուսափելի գործընթաց է, ինչպես որ որեւէ դեղամիջոցի կողմնակի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Եւ սա կարծես այն դեպքն է, երբ պետք է ասել՝ «երկու երնեկ մի տեղում չի լինում»:




Լրահոս