Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Ուշագրավ էր հատկապես Արամ Ա-ի ողջույնի խոսքը. «Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարեւորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանությունը, եւ ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր եւ կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել եւ այդ սպասումներն իրագործել»,- ասել է Արամ Ա-ն: Նա միաժամանակ խոսել է բազմակարծության անհրաժեշտության մասին. «Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն մեր համազգային արժեքների եւ իդեալների շուրջ: Պետք է այնպես անել, որ մենք բեւեռացումներ չառաջացնենք: Եթե կան բեւեռացումներ, այդ բեւեռացումները պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ: Եվ այս ուղղությամբ եկեղեցու դերը ես շատ կարեւոր եմ համարում»:
Այլ կերպ ասած` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը թեեւ ոչ ուղղակի, բայց քննադատել է իշխանությունների գործելաոճը` շեշտելով «տարբեր կարծիքներ ունենալու» եւ բեւեռացումներ չառաջացնելու անհրաժեշտությունը: Սա հազիվ թե պատահականության հետեւանք լինի` հաշվի առնելով ներքաղաքական վերջին իրողությունները, երբ խորհրդարանում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ միաբերան խոսում էին իրենց նկատմամբ իշխանությունների կողմից իբր ճնշումների մասին: Նման տեսակետ փորձում են տարածել նաեւ ՀՀԿ-ական գործիչները, նաեւ ՀՅԴ-ականներն ու Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց շրջապատի հետ: Սրան զուգահեռ կա նաեւ այլ տեսակետ, ըստ որի` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության վրա ՀՅԴ-ն դարերով ունեցել է ազդեցություն. կարելի է որոշակի հետեւություններ անել:
Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ճիշտ են արդյոք այդ տեղեկությունները: «Այդ լուրերը իրականության հետ կապ չունեն։ Բայց ասեմ, որ Գեւորգ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բավականին փորձառու, եւ ես ուրախ կլինեմ երբեւէ նրա հետ աշխատել»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը: Մինչ այդ նշենք, որ իշխանություններն, այնուամենայնիվ, ցանկանում են Գեւորգ Կոստանյանի մասնագիտական ունակություններն օգտագործել իրավական, ուժային ոլորտներում: Նկատենք, որ այս մոտեցումը միանգամայն ողջունելի է, քանի որ պետականաշինությունը քաղաքական սիմպատիաները պետք է մերժի:
«Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը դիմել է ՍԴ` վիճարկելով համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած ՀՀ օրենքի սահմանադրականությունը: Բանն այն է, որ այս օրենքը թույլ է տալիս համաներում կիրառել նաեւ պետությանը կամ անձին հասցրած վնասը չփոխհատուցած անձանց դեպքում: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ողջունել է դատավորների կողմից ՍԴ դիմելու քայլը` միաժամանակ նշելով, որ նախարարության իրավական որոշումն արտահայտված է օրենքում: «Հիմա սահմանադրական դատարանում վեճ է քննվում, եւ մենք սպասում ենք սահմանադրական դատարանի որոշմանը: Բոլոր դեպքերում, այն մեզ համար ճանաչելի եւ ընդունելի է լինելու, ինչպիսին էլ որ այն լինի: Այսպիսով, քանի որ վեճ կա, ես դրա վերաբերյալ որպես կողմ եւ որպես որոշակի ազդեցություն ունեցող պաշտոնատար անձ պետք է ձեռնպահ մնամ իրավական դիրքորոշում հայտնելուց»,- ասել է նա:
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հետընտրական կրքերը չեն հանդարտվել: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին այնտեղ տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ: Պարտված թեկնածուն՝ Նորիկ Հայրապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ձայների վերահաշվարկի արդյունքում ուշագրավ փաստեր են բացահայտվել. քվեաթերթիկներից երկուսի վրա արյան հետքեր են եղել: «Կային երկու հոգի, որոնք գտնվում էին ՌԴ-ում, բայց իրենց դիմաց ստորագրություն կար»,- ասել է նա: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատել է. «Արյան երկու հավասար կաթիլներով թերթիկ էր։ Տեղական ընտրական հանձնաժողովը ասել է, ինքն էլ ընդունել է, որ ուղղորդում կա։ Ինքը բողոքել է, մենք էլ խախտումները բացահայտել ենք։ ՌԴ-ում գտնվող անձանց մասով էլ ասեմ, որ մարդիկ շփոթվել, սխալ են ստորագրել ուղղակի»։
ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ
ՀԱՊԿ-ում արդեն հաշտվել են, որ կազմակերպությունում Հայաստանի դիրքորոշման պատճառով դեռ մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի լինի, եւ այդ պարտականությունները կշարունակի կատարել Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը. երեկ նման հոդված է հրապարակել ռուսական «Կոմերսանտ» թերթը` ընդգծելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրդվելիության պատճառով:
Ռուսական լրատվամիջոցի այս հրապարակումն ինքնին այնքան էլ ուշադրություն չէր գրավի, եթե դրան չհաջորդեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակի՝ Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Իսկ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, թե ՀԱՊԿ օպերատիվ կառավարման պակաս չկա՝ չնայած այն բանին, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ տարաձայնություններ կան: «Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում որեւէ ֆրուստրացիա չկա, ինչպես նաեւ չկա ՀԱՊԿ ղեկավարության վակուում»,- ասել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ կառույցը՝ ի դեմս ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովի, ունի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար: Նա նաեւ նշել է, թե ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ տարաձայնությունները ներկայում կարգավորվում են, ու այդ գործընթացը շարունակվում է:
Պեսկովի հայտարարությունները բավականին ուշագրավ են: ՌԴ-ն բաց տեքստով հասկացնում է, որ իրենք որեւէ խնդիր չեն տեսնում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում Հայաստանի դիրքորոշման հետ կապված: Հասկանալի է՝ ՌԴ-ն առանձնապես դեմ չէ ստեղծված իրավիճակին, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը հենց իրենց ներկայացուցիչն է: Այսինքն՝ ՀԱՊԿ կառավարումն այսօր փաստացի ՌԴ-ն է իրականացնում ու իրականացնում է առանց որեւէ խնդրի: ՈՒ այս առումով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառությունը, երբ շարունակում է չհամաձայնել ՀՀ-ին հատկացված տեղը ժամանակից շուտ Բելառուսի ներկայացուցչին զիջելու հարցում, միանգամայն ընդունելի է:
Միաժամանակ, ՌԴ նախագահի խոսքերը վկայությունն են այն բանի, որ ՌԴ-ն հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը, անհամաձայնության դեպքում վետոյի կիրառումը, եւ չի փորձում իր հեղինակությամբ կամ այլ լծակներով ազդել ՀՀ իշխանությունների վրա: Սա ինքնին կարեւոր է նաեւ այն առումով, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները եւս սկսել են հասկանալ ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքներն ու վերականգնված ինքնիշխանությունը: