ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հերթական դռնփակ հանդիպումը գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ: Այս անգամ հերթը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանինն էր: Նա արդեն չորրորդ պաշտոնյան է, որը գալիս է ԱԺ եւ հանդիպում ունենում ամենամեծ խմբակցության հետ, թեեւ այս պարագայում ինքն էր «Իմ քայլը» խմբակցությանն առաջարկել հանդիպել: Հիշեցնենք, որ Արշակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատել էր, թե իրենք ազատ են եւ պատրաստ են հանդիպել նաեւ ընդդիմադիր խմբակցություններին:

Նշենք, որ մինչ այժմ միայն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն է հանդիպել ընդդիմադիր խմբակցություններից մեկին` «Լուսավոր Հայաստան»-ին։ Չի բացառվում, որ առաջիկայում նաեւ ԲՀԿ-ն Միքայել Մելքումյանի առաջարկով` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին հանդիպի։
Ինչեւէ, վերադառնալով «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստին` նկատենք, որ այն նախարարների դեպքում, որոնք իրենք են նախաձեռնում հանդիպում, դրանք այնքան էլ երկար չեն տեւում, իսկ այն պաշտոնյաներին, որոնց իրենք են հրավիրում, երկար են «տանջում»:
Մասնավորապես, երեկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ հանդիպումը եւս երկար չի տեւել` հազիվ 1.5 ժամ։ Իսկ ամենաերկարը` մոտ չորս ժամից ավելի, տեւել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ հանդիպումը:
Նկատենք նաեւ, որ երեկ Արշակյանի հետ հանդիպմանը «Իմ քայլը» խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն էին ներկա։ Իսկ ովքեր ներկա էին, հիմնականում գոհ էին նախարարի պահվածքից, կեցվածքից, տեղեկացվածությունից ու հարցերին խորությամբ տիրապետելու կարողությունից։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դռնփակ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է կառավարության կառուցվածքին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, այն նորաստեղծ նախարարությունը, որը լինելու է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխարեն, միանգամայն այլ անուն ու գործառույթներ ունի։
Ինչպես հայտնի է, կառավարության կառուցվածքի համաձայն` ստեղծվելու է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, եւ տրանսպորտի բաժինն այս նախարարության մեջ չի ներառվելու: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպման ընթացքում պատգամավորները հիմնականում հետաքրքրվել են նորաստեղծ նախարարության գործառույթներից եւ փորձել լավ պատկերացնել, թե ինչով է զբաղվելու նոր նախարարությունը: Եվ նախարար Արշակյանն էլ` որպես IT ոլորտի մասնագետ, ինչպես ձուկը ջրում, սլայդի միջոցով էկրանին կադրեր ցուցադրելով, մանրամասնել է բարձր տեխնոլոգիաների եւ Հայաստանից տաղանդների արտահոսքի կանխման անհրաժեշտությունը, ուղիները։ Արդեն հարցուպատասխանի ժամանակ շատ պատգամավորների հետաքրքրել է, թե ինչպես կարելի է այդ նախարարության միջոցով եւ, առհասարակ, տեխնոլոգիաների միջոցով զարգացնել տնտեսությունը: Սուր, «դաժան» հարցեր առանձնապես չեն հնչել։
Երեկ` հանդիպումից հետո, լրագրողների հետ ճապազրույցում Արշակյանն էլ ասել է. «Մտահոգիչ որեւէ հարց չկար, ուղղակի աշխատանքային քննարկում ունեցանք: Ես ներկայացրի, թե առաջնահերթությունները որոնք են, ինչ ձեւաչափով պետք է կազմակերպվի նախարարությունը, ինչով պետք է զբաղվի։ Ինչպես գիտեք, մենք բարձր տեխնոլոգիաների ռազմարդյունաբերությունը կենտրոնացնում ենք մի նախարարութան մեջ։ Կապը մնալու է նոր նախարարության կազմում, քանի որ այն թվային տեխնոլոգիաների մաս է կազմում»:
Հավելենք, որ գործադիրի անդամների հետ խորհրդարանական մեծամասնության հանդիպումները շարունակական են լինելու:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՎ
Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձեւով իրականացնել, եւ վիճակահանությամբ են որոշել, թե որ պատգամավորը որ աշխատասենյակում կլինի: Իհարկե, խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահին, փոխնախագահներին, խմբակցության ղեկավար-քարտուղարին եւ հանձնաժողովների նախագահներին. նրանց դեպքում աշխատասենյակները հստակ են: Իսկ, ահա, մյուս պատգամավորների դեպքում գործել է վիճակահանության տրամաբանությունը: Սակայն հետաքրքիր է, որ, ամեն դեպքում, եղել են պատգամավորներ, որոնք փոխել են իրեն աշխատասենյակը: Օրինակ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը սկզբնական շրջանում տեղավորվել էր նոր մասնաշենքի աշխատասենյակներից մեկում, որը նախորդ գումարման խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանինն էր: Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ նրա աշխատասենյակն այժմ «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանինն է, իսկ Գաբրիելյանը տեղափոխվել է այլ աշխատասենյակ: Տեղեկացանք, որ պատճառը նաեւ այն հանձնաժողովներն են, որոնց անդամ են հանդիսանում նշված պատգամավորները, եւ նրանք տեղափոխվել են այդ հանձնաժողովների նախագահների աշխատասենյակների հարեւանությամբ գտնվող աշխատասենյակներ: Միեւնույն ժամանակ, նկատենք, որ երկար ժամանակ չէր լուծվում Հովհաննես Իգիթյանի աշխատասենյակի հարցը: Բանն այն է, որ, ընդհանրապես, հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները նստում են միեւնույն սենյակում, սակայն տարբեր աշխատասենյակներում: Սակայն Հովհաննես Իգիթյանի աշխատասենյակը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբենյանի հետ նույն սենյակում չէ: Բանն այն է, որ այդտեղ արդեն իսկ աշխատում էին հանձնաժողովի փորձագետները, եւ որոշում է կայացվել Իգիթյանին այլ աշխատասենյակ տալ:

 

 

ԳՆԵԼ ԵՆ ԹԵՐԹԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 21-ի համարում նյութ էր հրապարակել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ ԱԱԾ գեներալ Վաչագան Ղազարյանի եղբորորդու` Աշոտ Ղազարյանի մասին: Մասնավորապես, գրել էինք, որ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել խարդախությամբ մեկ այլ անձի գումարին՝ 100 հազար դոլարին տիրանալու համար: Ղազարյանի նկատմամբ կայացվել էր դատավճիռ, սակայն նա համաներվել էր ու չէր ազատազրկվել: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 21-ին շրջեց մի շարք կրպակներով ու պարզեց, որ արդեն ժամը 14:00-ի դրությամբ մեր թերթի բոլոր համարները վաճառվել էին: Մեզ հետ զրույցում մայրաքաղաքի թերթի կրպակների աշխատակիցներից շատերը հայտնեցին, որ այսօր թերթի վաճառքը կապված է եղել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ ԱԱԾ գեներալ Վաչագան Ղազարյանի եղբորորդու նյութի հետ, եւ վաղ առավոտվանից կրպակից բոլոր թերթերը գնել են:

 

 

ԲԱՐԵՆՊԱՍՏ
Ռուսական պարբերականն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Մասնավորապես, խոսվում է Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում եւ Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումների մասին: Նշվում է, որ կողմերը վերջին շրջանում ցուցադրում են բանակցությունների համար ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծելու պատրաստակամություն: Սակայն ամենակարեւորն այն է, որ կողմերը, ակնհայտ է, հակված են ուժերի եւ հնարավորությունների չափով կատարել իրենց խոստումները: Ըստ պարբերականի` էապես նվազել է ադրբեջանական իշխանությունների ռազամտենչ հռետորաբանությունը Հայաստանի հասցեին: «Արմատական փոփոխությունների մասին չեմ խոսի, սակայն փոփոխությունները չեն զգացել միայն կույրը եւ խուլը: Ադրբեջանում էապես նվազել է հակահայկական ուղղվածության հաղորդումների եւ հրապարակումների քանակը, իսկ Երեւանն ավելի հեռուն է գնացել. ադրբեջանցի լրագրողները կարողացել են հավատարմագրվել ՀՀ ԱԳՆ-ում»,-մեջբերում է թերթը:

 

 

ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐՈՎ
Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է: Նրա կարծիքով` Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ մարտավարություն են կիրառում: Ըստ դեսպանի` Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է: Այսօր բանակցային սեղանի վրա գտնվող «Լավրովի նախագիծը» կողմերից եւ ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել: Դեսպան Հոգլանդի կարծիքով` բացի կողմերի միջեւ եղած լուրջ անհամաձայնություններից տարածաշրջանում կան ուժեր, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. «Իրական հարցն այն է, թե արդյոք տարածաշրջանի տերությունները հետաքրքրված են այս հարցի կարգավորման մեջ: Կարծում եմ` Իրանը հետաքրքրված կլինի, որ խնդիրը կարգավորվի: Սակայն արդյոք Ռուսաստանը ցանկանո՞ւմ է, որ այն կարգավորվի. այս հարցի պատասխանը միանշանակ չէ»,-նշել է դեսպանը: Ըստ նրա` Մոսկվայում կան ուժեր, որոնք կարծում են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման դեպքում կկորցնեն կողմերի վրա ազդեցության կարեւոր լծակ:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային: Արարատ Միրզոյանը կարեւորել է երկկողմ շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական համագործակցության սերտացումն ու փորձի փոխանակումը: Հանդիպման ընթացքում կողմերը փաստել են, որ փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա մասնավորապես մշակութային, գիտակրթական ու առեւտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը վերաբերող հարցերի ու Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի շուրջ:

 

 

ԴԵՍՊԱՆԸ ԵՐԴՎԵԼ Է
Լին Մ. Թրեյսին երդվել է ծառայել ՀՀ-ում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան: «Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է եւ Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երեւանում»,- հայտնել են դեսպանության հայտարարության մեջ:

 

 

ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով` Մարինա Տաշչյանը նշանակվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:




Լրահոս