ՆԱԽԱՐԱՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ՝ ՍԴ ԴԻՄԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը վերջերս դիմել է ՍԴ` վիճարկելով համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած ՀՀ օրենքի սահմանադրականությունը: Բանն այն է, որ եթե նախկինում համաներման ժամանակ նշված է եղել, որ այն չի կարող կիրառվել պետությանը կամ անձին հասցրած վնասը չփոխհատուցած անձանց դեպքում, ապա այս անգամ նման արգելք չկա: Վերջերս հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեցին նաեւ անձինք, որոնք պետության կամ քաղաքացու վնասը չեն հատուցել: Նրանց նկատմամբ համաներում կիրառվել է, միեւնույն ժամանակ, օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տուժողներին հնարավորություն է տրվել քաղաքացիական հայց ներկայացնել դատարան` մեղադրյալներից պահանջելով վնասի փոխհատուցումը: Դատավորները հենց սա էլ համարում են խնդրահարույց ու հիմա այս կապակցությամբ դիմել են ՍԴ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:
-Պարո՛ն Զեյնալյան, տեղյա՞կ եք, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը համաներման կետերից մեկի օրինականության հարցով դիմել է ՍԴ:
-Մենք ողջունում ենք դատավորների կողմից Սահմանադրական դատարան դիմելը, շատ ենք ողջունում, խրախուսում ենք` եթե կասկած ունեն սահմանադրականության վերաբերյալ, ապա դիմեն Սահմանադրական դատարան: Նախ` սա շատ ողջունելի է: Հիմա Սահմանադրական դատարանում վեճ է քննվում, եւ մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը: Բոլոր դեպքերում, այն մեզ համար ճանաչելի եւ ընդունելի է լինելու, ինչպիսին էլ որ այն լինի: Այսպիսով, քանի որ վեճ կա, ես դրա վերաբերյալ որպես կողմ եւ որպես որոշակի ազդեցություն ունեցող պաշտոնատար անձ՝ պետք է ձեռնպահ մնամ իրավական դիրքորոշում հայտնելուց: Մեր իրավական որոշումը արտահայտված է համաներման մասին օրենքում:
-Որպես կողմ` կարծիք չեք հայտնում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաներման այդ կետը, այսինքն` անձինք, որոնք պետությանը եւ անձին վնաս են հասցրել եւ չեն փոխհատուցել, չպետք է համաներվեին, ապա օրենքը հետադարձ ուժ կունենա՞, նրանց կրկին կկալանավորե՞ն:
-Այ դա կասի Սահմանադրական դատարանը:
-«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է ահազանգել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալ Արմինե Մանուկյանը եւ հայտնել, որ 2018 թվականի համաներման 2-րդ հոդվածի առաջին կետը տարածվում է իր վրա, եւ նա կարող է հայտնվել ազատության մեջ, բայց մեկ այլ տեղ իր գործողությունների մասով դատաքննություն է ընթանում: Դատապարտյալին ասել են, որ նա չի կարող հայտնվել ազատության մեջ. դատավճիռների համակցությունների հարցն են առաջ քաշել: Այսինքն` եթե անձը որեւէ արարքի համար դատապարտվել է, ու համաներումը տարածվում է նրա վրա, նա չի կարող ազատ արձակվել, եթե իր մեկ այլ արարքի գործով դեռ դատաքննություն է ընթանում: Կին դատապարտյալը հայտնում է, որ միգուցե այդ դատաքննությունը երեք տարի շարունակվի, ինքը ինչո՞ւ պետք է մնա անազատության մեջ:
-Իրենք կարող են իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով դիմել փաստաբանին, դատարան, եթե կարծում են, որ այդտեղ խախտում կա:
-Կին դատապարտյալները ասում են, որ իրենց թույլ չեն տալիս աղմուկ բարձրացնել, եւ հայտնեցին, որ ՔԿՀ աշխատակիցները դատապարտյալների միջոցով իրենց նկատմամբ բռնություն են կիրառում, որ կանխեն իրենց բողոքները: Արմինե Մանուկյանը հայտնեց, որ իրեն Քրիստինե Ներսիսյանը, Անժելա Սահակյանը դատապարտյալների ներկայությամբ կացարանից հանել են եւ «ռազբորկայի» են կանչել: Այդ ամենի ականատես են եղել ՔԿՀ աշխատակիցները եւ որեւէ կերպ չեն միջամտել: Դուք տեղյա՞կ եք` ինչ է կատարվում:
-Ներկայացրե՛ք այդպիսի տվյալներ, շատ բացասական երեւույթի մասին եք խոսում, որի հավանականությունը որքան էլ փոքր է, պետք է ուսումնասիրության առարկա դառնա:
-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը տարիներ առաջ Եվրոպական դատարան ներկայացրած Փաշինյանի իսկ դիմումների առնչությամբ: Տեսակետ կա` ինչ էլ պատասխանի Նիկոլ Փաշինյանը, դա լինելու է ՀՀ կառավարության պատասխանը: Այս իրավիճակում ո՞րն է ելքը:
-Չեմ ասի. բնականաբար, մենք լուծումներ ունենք, եւ դրանք իրականացնելուց հետո կիմանաք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԲԴԽ-Ն ՊԱՐՏՎԵՑ
Դատավորների թեկնածուները հաղթեցին Բարձրագույն դատական խորհրդին եւ նշանակվեցին դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դեռեւս անցած տարի թեկնածուներն իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ ներկայացրել էին, թե ինչպես է Բարձրագույն դատական խորհուրդը վարվում իրենց հետ` հորդորելով որեւէ թուղթ չստորագրել, եւ այդ ամենի համար ներկայացրել էին բոլոր հիմքերը: Պարզվել էր, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորի թափուր հաստիքներ են առաջացել: Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է, որ վերոնշյալ տեղերում դատավորներ նշանակելու համար առկա են երեք դատավորներ` Ռուբինա Աթոյանը, Աշխեն Ղարսլյանը եւ Մարինա Տաշչյանը: Բարձրագույն դատական խորհուրդը ամեն կերպ փորձել է ներքին կանոնակարգով կամ օրենքը շրջանցելով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակել իրենց ցանկալի դատավորներին` այս կերպ, ըստ էության, խախտելով դատավորներից Մարինե Տաչյանի իրավունքները: Դատավոր Տաշչյանը ԲԴԽ-ի արած գործողությունների, իր իրավունքները ոտնահարելու հետ կապված դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` հորդորելով չստորագրել որեւէ թուղթ, որը կներկայացնի ԲԴԽ-ն, քանի որ իր իրավունքները ոտնահարվել են, եւ ցանկանում են այլ մարդու նշանակել իր փոխարեն: Եվ, ահա, երկարատեւ պայքարից հետո Մարինա Տաշչյանը նշանակվեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել քննարկում` «Աշխատի՛ր, Հայաստան» արշավի վերաբերյալ: Ներկա են եղել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, առողջապահության նախարարների տեղակալները եւ այլ պաշտոնատար անձինք: Փոխվարչապետի խոսքով` կառավարության ծրագրի անկյունաքարն է աշխատանքի խրախուսումը: Հրավիրված գերատեսչություններից յուրաքանչյուրն ուղղակիորեն առնչվում է աշխատաշուկայի քաղաքականությանը, եւ այս ուղղությամբ տարբեր ծրագրեր են իրականացվում: Աշխատանքները համակարգելու համար նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, իսկ արշավի մեկնարկը տալ մայիսին:

 

 

ԸՆԹԱՑՔ Է ՏՐՎԵԼ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Հարցին, թե ինչ ընթացք է տրվել պատգամավորի դիմումին, ՀՀ ոստիկանությունից հայտնել են. «ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում` ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա»: Նշենք, որ Է. Մարուքյանը ոստիկանության 6-րդ վարչություն է դիմել եւ հայտնել, որ համացանցում անհայտ անձինք հրապարակել են տեսանյութեր, եւ դրանց բովանդակությունը վարկաբեկում է թե՛ իր, թե՛ իր կնոջ եւ թե՛ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորների պատիվն ու արժանապատվությունը:

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔՈՒՄ
Արագածոտնի մարզում խոշոր չափի գողություն է տեղի ունեցել. ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 51-ամյա Կարեն Ս.-ն եւ հայտնել` նույն օրը անհայտ անձը կամ անձինք մտել են Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի վրա գտնվող իր տուն եւ այնտեղից հափշտակել ոսկա զարդեր եւ գումար: Գողը կամ գողերը տուն են մտել երկրորդ հարկի պատուհանից, իսկ Կարեն Ս.-ն աշխատում է Արագածոտնի մարզպետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

 

 

ՍԱՌԱԾ Է ԵՂԵԼ
Կոտայքի մարզի «Աղվերան» լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկի հարակից սարում Ֆրանսիայի քաղաքացիներ են կորել: Նրանց որոնման աշխատաքների համար ժամանել է ՊՆ ուղղաթիռը. 5 լեռնագնացներ (Ֆրանսիայի քաղաքացի) բարձրացել են «Աղվերան» լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռեւս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, ընկերները վերջինիս շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լեռնագնացներից չորսի վիճակը կայուն է, մեկն էլ սառած է եղել, ապա կենդանության նշաններ է ցույց տվել:

 

 

ՀԵՏ Է ՈՒՂԱՐԿԵԼ
Մասիսի քաղաքապետի եւ մյուսների քրեական գործը դատախազությունը հետ է ուղարկել նախաքննական մարմին` լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Օրերս Քննչական կոմիտեն հայտարարել էր նախաքննությունն ավարտելու մասին, ինչից հետո գործն ուղարկել էր դատախազություն մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլին խաղաղ հավաքներ եւ երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն:

 

 

ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 1-ին երթ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը մեզ` Մարտի 1-ի զոհերի հարազատներիս, հույս է տալիս, որ վերջապես, մարտիմեկյան ոճրագործությունից 11 տարի անց կատարվում են հստակ քայլեր այդ հանցագործության բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Մենք երկար տարիներ սպասել ենք, որ կգա այն օրը, երբ մեր հարազատներին սպանողները կկանգնեն արդարադատության առաջ եւ պատասխան կտան օրենքի ամբողջ խստությամբ: Նոր իշխանությունը մինչ այս պահը կատարել է անհրաժեշտ քայլերը, դրսեւորել է կամք մեր տարիների պահանջը կատարելու համար: Գտնում ենք, որ Մարտի 1-ին պետական մակարդակով կազմակերպած երթը այդ ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է, որը կունենա իր տրամաբանական շարունակությունը: Կոչ ենք անում բոլորին իրենց մասնակցությունը բերել Մարտի 1-ի երթին` ի հիշատակ մեր հարազատների, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայաստանի ազատության եւ ժողովրդավարության համար:
Մարտի 1-ի զոհերի հարազատներ




Լրահոս