Լուսանկարն արվել է Երեւանում
Հաճախ կարելի է կենդանիներին տեսնել մեքենաների մեջ, եւ դա սովորական երեւույթ է: Բայց երթուղային տաքսուց քաղաքի անցուդարձին հետեւող շունը մարդկանց ժպիտն է հարուցում:
ՀԱՐՑ. Ես բանկում իմ անունով ավանդ ունեմ դրված: Ունեմ հիվանդություններ. լեյկոզով հիվանդ եմ, գլխիս մեջ ուռուցք կա: Խնդրում եմ ասել` կարող եմ ստանալ իմ գումարը: Նշեմ, որ Արյունաբանական կենտրոնում գրանցված հիվանդ եմ: Խնդրում եմ որեւէ կերպ օգնել:
Գոհարիկ Խաչատրյան (Գեղարքունիքի մարզ, Վարդենիկ համայնք)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Հայատանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի եւ կառավարության 23.04.2014թ. N460-Ն որոշմամբ հաստատված կարգի` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բնակում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն`
1. մինչեւ 1934թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
3. ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014թ. օգոտոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում` եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,
4. ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
Այդ սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին բավարարող անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ավանդների փոխհատուցման ծրագրում հաշվառվելու նպատակով:
Ավանդատուի` ՀՀ նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած` կատարմամբ` վճարմամբ կամ ավանդատուի մահով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած խմբագրություն դիմած քաղաքացու խնդրանքներին` միեւնույնն է, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է ոչինչ չասող պատասխան: Ցավալի է, որ նույնիսկ նման ծայրահեղ վիճակում գտնվող քաղաքացիների համար չկան ընդառաջումներ եւ մարդկային փոխզիջումներ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` օտարերկրացին իրավունք ունի՞ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր: Եթե այո, ապա ինչպե՞ս:
Տիգրան Հարոյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տիգրան Հարոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (3-րդ հոդված) տարածվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվառման կարգը ներկայացված է հնարավորինս ստույգ եւ մանրամասն: Մնում է` խմբագրություն դիմած քաղաքացին ներկայանա համապատասխան մարմին, ներկայացնի պահանջվող փաստաթղթերն ու կնքի գործարքը: