ՍԴ դատավորի չընտրված թեկնածուն կգնա Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Ազգային ժողովում հերթական քառօրյան էր, որի օրակարգում ընդգրկված էր նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը: Ինչպես եւ սպասվում էր, ՍԴ անդամության թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց. ի սկզբանե իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր Հովհաննիսյանի թեկնածությունը մերժելու մասին: Եւ երեկ նա ստացավ 75 դեմ, 24 կողմ ձայն, եւս 2 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա մնում է այն կարծիքին, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրությամբ խախտվել է Սահմանադրությունը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեր հրապարակումներից մեկում հայտնել էիք, որ ԲԴԽ նախագահի ընտրությամբ խախտվել է Սահմանադրությունը: Ներկայումս Դուք ՍԴ դատավորի թեկնածու եք. կրկին նույն կարծիքի՞ն եք, թե՞ ներկայումս Ձեր դիրքորոշման մեջ ինչ-որ բան է փոխվել:

-Այդ մասին ես շատ մանրամասն ասել եմ, անգամ իմ այդ վերլուծությունը ինձ էլ է դուր եկել. ամեն անգամ չէ, որ իմ վերլուծությունները ինձ դուր են գալիս: Ես ամենաբարձր մակարդակով վերուծել եմ նորմերի սահմանադրականությունը չեմ հիշում այդ ամբողջը, բայց յուրաքանչյուր ոք, բացելով հրապարակումը, կարող է մանրակրկիտ կարդալ իմ վերլուծությունը:

-Եթե չընտրվեք, ի՞նչ եք անելու:

-Բոլոր դեպքերում, ցանկացած որոշում կընդունեմ շատ նորմալ, շատ կուրախանամ, եթե Ազգային ժողովը համարի, որ ես կարող եմ աշխատել որպես ՍԴ դատավոր, եւ այդ դեպքում հնարավորություն կունենամ իրականացնելու իմ նպատակը, որը, ասել եմ, մեկն է` զարգացնելու հայկական իրավունքը:

– Իսկ եթե չցանկանա՞ն..

-Ես նույնպես նորմալ կհամարեմ, եւ հաշվի առնելով, որ ունեմ աշխատանքային պայմանագիր, Գերմանիայում կշարունակեմ աշխատել գերմանական համալսարանում:

-Այսինքն` Հայաստանից կգնա՞ք:

-Ես պարտավոր եմ գնալ, քանի որ ունեմ աշխատանքային պայմանագիր:

Հ.Գ. Նկատենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ դատավորի պաշտոնում ցանկանում է տեսնել փաստաբան Վահե Գրիգորյանին, որը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է ՄԻԵԴ-ում:

Քնար Մանուկյան




Լրահոս