Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի ջրօգտագործողների միություններում ստուգումներ կանցկացվեն, եւ կպարզվի` ով ինչքան է գողացել։ Սակայն վարչապետի հայրենի Տավուշի մարզում նման ստուգումներ չեն կատարվում։ «Տավուշ» ջուրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) նախկին գլխավոր ինժեներ Սերգեյ Ղարախանյանը ոստիկանությանը հայտնել է, որ 2017թ. «Տավուշ» ՋՕԸ-ն Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում ոռոգման ցանցից ճյուղավորում կազմող ջրագիծ է կառուցել, այդ ծրագրում «Տավուշ» ՋՕԸ-ն հանդես է եկել ե՛ւ նյութեր գնող, ե՛ւ ջրագիծ կառուցող:
Ս. Ղարախանյանը, որը նախկինում բազում շինարարական աշխատանքներ է ղեկավարել, հաշվարկել է, որ այդ նպատակով ծախսված 6.8 միլիոն դրամից առնվազն 1.8 միլիոն դրամի հավելագրում է կատարվել, այն յուրացվել է:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է` պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»): Ս. Ղարախանյանը հայտնեց, որ Յ. Որսկանյանը «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն է դարձել այն բանի շնորհիվ, որ Ջրային կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Միքայել Մակինյանը նրա հարազատ քրոջ որդին էր, վերջինս սատարում էր քեռուն: 2018թ․օգոստոսի 31-ին վարչապետ Ն. Փաշինյանի որոշմամբ` Մ. Մակինյանը իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից: Յուրա Որսկանյանը նախկինում ասել է, որ Ոսկեվանում ոռոգման ջրագիծ կառուցելու համար ջրային տնտեսության պետական կոմիտեն սեփական միջոցներից 6.8 միլիոն դրամ է հատկացրել, այն նպատակային նշանակությամբ է ծախսվել, Ոսկեվանի համայնքապետարանը հետեւել է, որ ջրագծի կառուցումը նախագծի համաձայն կատարվի:
Ս. Ղարախանյանի վկայությամբ՝ Յ. Որսկանյանը ոռոգման ջրագծերը գարնանը մաքրող բանվորներին օրավարձով է վարձատրում, սակայն կազմում է փաստացի կատարած աշխատանքի կատարողականներ, ինչը չարաշահումների տեղիք կարող է տալ: Յուրա Որսկանյանն այդ առթիվ, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասաց, որ այդ դեպքում իրավախախտում չկա: Մեր հարցին, թե ինչու աշխատանքի չի ընդունում Նոյեմբերյանի տեղամասի փորձառու ջրվար Սաշա Զալինյանին, երբ Նոյեմբերյանի տեղամասի Գադիկ Վերանյանն այդ մասին միջնորդագիր է գրել իրեն, Որսկանյանը ասաց, որ այդ հարցում իր եւ Գագիկ Վերանյանի կարծիքները չեն համապատասխանում։ Նշենք, որ Սաշա Զալինյանը պայքարում է. «Տավուշ» ՋՕԸ-ում կատարվող իրավախախտումների դեմ։
Ոսկան Սարգսյան
Տավուշ