Ցեմենտի խնդիր. արդյունաբերական հսկաները` փակման վտանգի առաջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները`«Արարատ ցեմենտ»-ը եւ «Հրազդան ցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են կանգնած: Պատճառը Հայաստան Իրանի Իսլամական Հանրապետությունից մեծ քանակությամբ ներկրվող ցեմենտն է, ինչի հետեւանքով զգալի նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները:

Տեղեկացնենք, որ գործադիրը շաբաթներ առաջ որոշում ընդունեց ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ: Եւ ՀՀ ներկրվող ցեմենտի պետական տուրք սահմանելու վերաբերյալ օրինագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագիծը ներկայացնող ՀՀ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ դա թույլ կտա շուկայում հավասարեցնել ներմուծվող եւ տեղական ցեմենտի գները:

Ըստ կառավարության հիմնավորման` ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով, տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում: Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վերջին նիստում քննարկված նախագծով առաջարկվել է պետական տուրք կիրառել ներկրվող ցեմենտի վրա, բայց պետտուրքից ազատել ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հիմնական հումքը` ներկրվող կլինկերը:

Հանձնաժողովի` կլինկերի վրա տուրք կիրառելու առաջարկը խիստ զայրացրել է ցեմենտ արտադրողներին, քանի որ կլինկերը համարվում է ցեմենտի հիմնական հումքը, եւ դրանից ցեմենտ ստանալը բարդություններ չի առաջացնում:

Այս մասին անգամ խոսել է «Արարատ ցեմենտի» սեփականատեր, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը. «Հենց կլինկերը ցեմենտի հիմնական մասն է, որը ծասխերի 90 տոկոսն է:

100 հազար տոննա ցեմենտ ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, միլիոնուկես հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Իսկ եթե իրենք որոշում են կլինկերի վրա տուրք չդնել, իրենց անձնական շահերի, որոշ ծանոթ-բարեկամների խնդիրն են լուծում, եւ պրովոկատորներին ուղարկել ցեմենտի գործարան, որ իրենք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ»:

Ավելին` նշենք, որ «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները արդեն ստացել են աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցագրեր եւ երկու ամիս անց ազատվելու են աշխատանքից: Նրանք արդեն երեք օր է` գործադուլ են սկսել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ 2018 թվականի ընթացքում Հայաստան ներկրվել է 181 հազար 812 տոննա ցեմենտ, մինչդեռ 2017 թվականին այն կազմել է 54 հազար 889 տոննա: Նշենք, որ հիմնական խմբաքանակը ներկրվում է Իրանից: Վրաստանից եւս ցեմենտ ներկրվում է, բայց քիչ քանակությամբ:

Պարզվում է` «Հրազդան ցեմենտ» գործարանը որոշել է այս խնդրի դեմ պայքարել մրցակիցների նման ոչ թե փողոց փակելով, այլ նամակագրությամբ: Գործարանի մատակարարման բաժնի պետ Կիմ Արզումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ կիսում են «Արարատցեմենտ» գործարանի աշխատողների մտահոգությունները:

«Մեզ համար ձեռնտու չէ այլեւս ցեմենտ արտադրել: Իրանական ցեմենտը մտնում է Հայաստան, բայց կանխիկ գումարը դուրս է գալիս երկրից: Բայց չէ՞ որ մենք աշխատատեղեր ունենք եւ դրանք պետք է պահենք: Մենք նամակներով դիմել ենք կառավարությանը: Եթե գործադիրն, այնուամենայնիվ, որոշի 22 հազար դրամի պահանջը դնել, այդ դեպքում միայն շուկայում մրցունակ կլինենք: Բայց եթե կլինկերի վրա տուրք չեն սահմանում, ամեն ինչ փոխվում է: Այս դեպքում արդեն լուրջ խնդիրներ կունենանք»,- բացատրեց մատակարարման բաժնի պետը:

Նրա խոսքերով` կլինկերը պատրաստի կիսաֆաբրիկատ է եւ այն աղալուց հետո միայն դառնում է ցեմենտ: Գործարանի առաքման պետ Արսեն Միրաբյանի խոսքերով` կլինկերից ցեմենտ ստանալը բարդ գործընթաց չէ: ««Հրազդան ցեմենտ» գործարանը եւս կարող է կլինկեր բերել ու այդպես ցեմենտ արտադրել, բայց այդ դեպքում 500 աշխատատեղը կկրճատենք ու կպահենք 50 հոգու:

Բայց չէ՞ որ իրենք, ի վերջո, պետք է հասկանան, որ մեզ մոտ էներգակիրները թանկ են, մենք մեծ ծախսեր ենք անում, որ ցեմենտ ենք արտադրում, իսկ Իրանում էներգակիրները էժան են»,- նկատեց առաքման բաժնի պետ Արսեն Միրաբյանը` ընդգծելով, որ իրանական այս թեման մեծ վնաս է հասցնում գործարանին: Ավելին` արդեն ազդել է: Նրա խոսքերով` ցեմենտի իրացման ծավալները զգալի նվազել են: «Եթե նույնիսկ կարողանայինք գոյատեւել, մենք չէինք բարձրաձայնի այս խնդրի մասին: Բայց մենք չենք կարողանում այս պայմաններում գոյատեւել»,- ահազանգեց մասնագետը:

Իսկ, ահա, գործարանի մատակարարման բաժնի պետ Կիմ Արզումանյանը նշեց, որ իրանական ցեմենտ Ադրբեջան եւ Վրաստան չի արտահանվում. «Ադրբեջանն է՛լ, Վրաստանն է՛լ փակել է իրանական ցեմենտի մուտքը դեպի իրենց երկիր, բայց մենք, չգիտես ինչու, ընդունում ենք: Մարդիկ իրենց տեղական արտադրությունն են խթանում:

Դուք կարող եք հետաքրքրվել. տեղական արտադրության ցեմենտը բարձր որակ ունի: Իսկ իրանական ցեմենտը ջրակայուն չէ, դրա մեջ ալյումինը շատ է, հետո տարածաշրջանի ավելի տաք գոտու համար է արտադրված: Բացի այս, կան ստրատեգիկ հարցեր, նրբություններ»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս