«Մի կտուրի տակ» ծրագիրը վստահություն չի ներշնչում նաև պաշտոնյաներին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելը եւ այդպես մամուլին ճնշելու փորձերը կարծես ավանդույթ են դառնում: Հիմա էլ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը` իբր զրպարտության համար որպես փոխհատուցում պահանջելով 1.5 մլն դրամ: Իսկ ի՞նչ էր արել «Ժողովուրդ» օրաթերթը: Մենք, հավատարիմ մեր մասնագիտությանը, այս ծրագրի վերաբերյալ հետաքննություն էինք անցկացրել` բարձրաձայնելով մտահոգությունները, թե ծրագիրը կարող է լավ մտածված խաբեություն լինել:

Նման կասկածներ ունենալու համար կան հիմքեր, oրինակ` ծրագրի՝ Արմավիրի մարզը համակարգող Վան Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Էջմիածնի քաղաքային իշխանության հետ համագործակցություն կա, այնինչ քաղաքապետ Դիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը` նշելով, որ իրեն դիմել են, որպեսզի քաղաքապետարանը հող տրամադրի, սակայն ինքը մերժել է, քանի որ իրեն չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթեր, եւ այդ ամենը քաղաքապետին առնվազն կասկածելի է թվացել: Նշենք, որ գրեթե նույն իրավիճակն է եղել Մեծամոր համայնքի դեպքում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւս կասկածներ է հայտնել այդ ծրագրի հետ կապված: «Մենք իրենց հետ չենք համագործակցում եւ չենք համագործակցել ո՛չ Արմավիրի մարզպետարանի կարգավիճակով, ո՛չ քաղաքապետարանի կարգավիճակով… Ես իմ անձնական կարծիքն եմ ասում` իրենք ինձ վստահություն չեն ներշնչում եւ ընդամենը այդքանը: Ես այդ ծրագրի ղեկավարների հետ առանձին հանդիպումներ չեմ ունեցել, ուղղակի փաստաթղթերին եմ ծանոթացել»,- նշել է նա:

Այլ կերպ ասած, նաեւ պետական մակարդակով այս ծրագրի վերաբերյալ կա լուրջ անվստահություն, հետեւաբար` խնդիրն ուրիշ տեղ է: Ու իրավապահները, այս ծրագրի օրինականությունը բացահայտելու հետ կապված, լուրջ անելիք ունեն»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս