Հայաստանում անձրևները շարունակվելու են։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Ամսի 20-ին շատ ինտենսիվ է լինելու անձրևը, իսկ լեռնային շրջաններում ձյան տեսքով տեղումներ են լինելու: Ջերմաստիճանը նվազագույնն իջնելու է գիշերը 3 աստիճան: Ջրերի հետ կապված՝ մենք առաջին ահազանգն ենք ստացել Երվանդաշատ գյուղից, որ այնտեղ գետի ջրերը բարձրանում են ու կարող են դաշտերը ծածկել։
Ակտիվացել են սողանքները. վեց կետում ակտիվ սողանքներ ունենք այսօր, Լոռվա մարզում շատ ակտիվ սողանք ունենք, որը սպառնում է անտառային շերտի հոսք դեպի ճանապարհ, մի գյուղի ճանապարհ կարող է փակվել»,- նշեց նա։
Գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն արձագանքեց, որ կարկուտը երեկ սարսափելի չի եղել, և լուրջ վնասներ չկան:
«Մենք կարո՞ղ ենք ասել, որ ցրտահարության վտանգը հաղթահարել ենք, թե՞ վտանգ կա»,- հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան՝ Ցոլակյանն ասաց, որ ապրիլի 20-ին և 21-ին ջերմաստիճանը կիջնի ամենաշատը, բայց «99 տոկոսով սպասում ենք, որ վտանգ չի լինի»: