ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իր մտահոգությունը` կառավարության կառուցվածքի հետ կապված, վերաբերում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կրճատմանը, որի մասին ինքն անձամբ բարձրաձայնել է կառավարության ներկայացուցիչների մոտ:
-Տիկի՛ն Աբրահամյան, կառավարությունը նախաձեռնել էր կառուցվածքային փոփոխություն կատարել՝ կրճատելով նախարարությունների թիվը, որից ակնհայտորեն դժգոհ են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ Նրանք գտնում են, որ անտեղի է կառավարության կառուցվածքը այդքան հաճախակի փոփոխությունների ենթարկելը, որը չի բերի կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Ըստ Ձեզ՝ սա լինելո՞ւ է կառավարության իդեալական կառուցվածք։
-Կառավարության կառուցվածքը դա այն գործիքն է, որով կառավարությունն ընդհանրապես իր ծրագրերն իրականացնում է, եւ իզուր չէ, որ հենց օրենքով էլ նախատեսված է, որ կառուցվածքի փոփոխությունը կարող է իրականացնել եւ առաջարկել բացառապես կառավարությունը, որովհետեւ այդ գործիքակազմով է կառավարությունն իր ծրագրերն իրականացնելու։ Եվ այստեղ որեւէ մեկս չենք կարող նաեւ մեր կողմից որեւէ կերպ դիտարկումներ անել, թե այդ կառուցվածքով կկարողանա կառավարությունը նորմալ աշխատել։ Մենք կարող ենք ընդամենը մեր խորհուրդները տալ։ Քանի որ կառավարության գործիքակազմը հենց դրանք են, որով իրենք պետք է աշխատեն, բնական է, որ դա իրենք պետք է որոշեն՝ հիմնվելով այն ամբողջ հետազոտությունների, կարիքների գնահատման ամբողջ փաթեթի վրա, որոնք իրենք այսօրվա դրությամբ ունեն։ Քանի որ այդ ամբողջ տեղեկատվությանը, ըստ էության, մենք չենք տիրապետում, չենք կարող վստահ ասել, որ սա լավագույն տարբերակն է, բայց չենք կարող նաեւ ասել, որ սա լավ տարբերակ չէ, որով իրենք կկարողանան իրենց ծրագրերն իրականացնել։ Կառավարության ծրագրի իրականացման ընթացքը եւ վերջնական հաշվետվությունը մեզ համար հստակ ցույց կտա, թե արդյոք սա ճիշտ գործիքակազմ էր, ընտրված գործիքակազմ է, թե ոչ։
Սրա գնահատականը մենք կարող ենք տալ որոշ ժամանակ անց, բայց, ընդհանրապես, եթե ինձ հարցնեք, որպես նախկին լրագրող, ով ժամանակին բազում քննադատություններ է հնչեցրել հենց կառավարության ուռճացված լինելու վերաբերյալ, այո, որովհետեւ այդտեղ ոչ միայն աշխատակազմն էր ուռճացված, այլ նաեւ կառավարության գերատեսչությունները։ Նայեք, նույն մշակույթ, կրթություն․ինքը՝ մշակույթը, ինքնին կրթական ոլորտ է նաեւ։ Որովհետև մենք ընդհանրապես մշակութային կրթության մասին ենք խոսում, Մշակույթի նախարարությունը զուտ համերգներ, ցուցահանդեսներ կազմակերպող չէ եւ չպետք է լինի։ Այն քաղաքականություն մշակող է, բայց հիմնականում քաղաքականությունը կրթական ոլորտին վերաբերող է եղել։ Այստեղ կրճատվում է նաեւ միջգերատեսչական համագործակցության բյուրակրոտական գիծը, այսինքն` եթե նախկինում պետք էր, որ նախարարությունները միմյանց միջեւ հուշագիրներ ստորագրեին եւ այլն, եւ այլն՝ ժամանակ ծախսելով այդ ամբողջ պրոցեսի վրա՝ նամակ գնար, նամակի պատասխան գար, այստեղ այդ ամենն անում է մեկ գերատեսչություն, որն ավելի արագ եւ արդյունավետ է դառնում։
-Ստացվում է՝ Ձեր համոզմամբ` որևէ մտահոգություն չկա` այն պնդման հետ կապված, որ մի շարք նախարարություններ միմյանց միացնելով՝ խառնաշփոթ է առաջանալու: Նշվում է, որ դա կարող է գերատեսչական «կռիվների» ու անհամաձայնությունների առիթ հանդիսանալ:
-Միակ մտահոգությունս Գյուղատնտեսության նախարարության չլինելն է։ Այստեղ է միակ իմ դիտարկումը, որ վստահ չեմ, որ այս գերատեսչության առանձին չլինելն ավելի նպաստավոր է լինելու Հայաստանի համար։ Անկեղծ կասեմ, որ վստահ չեմ։
-Ձեր մտահոգության մասին բարձրաձայնե՞լ եք կառավարության ներկայացուցիչներին։
-Այո, ներկայացրել եմ, բայց այդ դիրքորոշումը չի ընդունվել։ Այստեղ ընթացակարգային որոշակի խնդիր կա։ Ինչպես, օրինակ, կառավարության ծրագիրն առաջարկություններ անելու եւ փոփոխելու ընթացակարգն այդքան էլ ճկուն չէ, եւ այստեղ գուցե պետք է խոսենք հենց այդ ընթացակարգերը փոխելու մասին։ Այդ փոփոխություններով շատ ավելի լայն լիազորություններ եւ մեծ հսկման մեխանիզմներ կունենա Ազգային ժողովը։ Կարծում եմ՝ այդ հարցը կարգավորելու դեպքում արդեն բոլոր խնդիրներին կտրվեն հստակ պատասխաններ եւ լուծումներ։
-Հեղափոխությունից հետո հանրությունը հույս ուներ, որ աշխատանքային ազատումներ չեն լինելու, ավելին՝ բոլորը հույս ունեին, որ նոր իշխանությունների շնորհիվ գործազրկության թիվը կրճատվելու է։ Ինչո՞ւ, ի դեմս իշխանությունների, չի հաջողվում լուծելի դարձնել այդ հարցը։
-Ես նախկինում էլ ասել եմ, որ, այո, պետք է կրճատումներ լինեն, որովհետեւ այդ ուռճացված կազմը պետք է ենթարկվի ռեալ փոփոխության։ Ասեմ ավելին՝ նախկինում էլ գիտեինք, թե ինչու է ուռճացվում համակարգը, քանի որ դա բավականին մեծ ռեսուրս էր ընտրությունների ժամանակ կիրառելու համար։ Այսօր, բնականաբար, այդ ռեսուրսի անհրաժեշտությունը չունենք, բայց բնական է նաեւ` չենք կարող չմտածել սոցիալական խնդրի մասին, քանի որ այն ծանր հետեւանք կարող է ունենալ սոցիալական բեւեռում, եւ դա է պատճառը, որ բազմիցս ասվել է, որ մասսայական կրճատումներ չեն լինելու։ Ավելին՝ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի սոցիալական որեւէ հատված չտուժի։ Լինելու է բացառապես կրկնվող պաշտոնների դեպքում կրճատում, որոնք բավարար բարձր պորտֆելներ են՝ նախարար, փոխնախարար, օգնական, խորհրդական, որտեղ աշխատակիցներ են, ովքեր վստահ են` աշխատաշուկայում շատ արագ իրենց աշխատանքը կգտնեն։ Բայց նշեմ նաեւ, որ իրենց առաջարկվելու է տարբեր գերատեսչություններում այլ աշխատանքի անցնելու հնարավորություն, այսինքն` այս մարդիկ ուղղակի դուրս չեն շպրտվելու․այս մարդիկ համակարգից դուրս չեն մնալու։ Մի բան կցանկանայի նաեւ նշել․անտրամաբանական եմ համարում, որ մենք դեմ արտահայտվենք մի կառավարության կառուցվածքի փոփոխության, որի ծրագրին մենք կողմ ենք քվեարկել։ Եթե ես վստահ եմ կառավարության ծրագիրն իրականացնելուն, ես պետք է վստահեմ նաեւ, թե ինչ գործիքակազմով է դա ինքն իրականացնելու։ Կառավարությունը շատ լավ գիտի` ինքն իր ծրագիրը տասը ձիով է իրականացնելու, թե մեկ էշով։ Դա որոշողը կառավարությունն է։ Մենք պետք է ընդամենը վերահսկենք ու ներկայացնենք այդ դիրքորոշումը, այն սխալները, որոնք առաջիկայում կերեւան։
զրուցեց Սոնա Գրիգորյանը