Ժամանակն է` ազատվել որևէ մեկին սեւերես թողնելու խնդրից. կարիերայի անցաթուղթ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդային տարիներից եկող մի կարծրատիպ կա, ըստ որի՝ պետական համակարգում կամ այլ ոլորտում կարիերայի առաջխաղացում ունենալու համար գիտելիքն ու ձեռնահասությունն այնքան էլ կարեւոր չեն, կարեւորը «տանիք» կամ հովանավոր ունենալն է, կուսակցական տոմսը կամ էլ ինչ որ մեկի ծանոթը, սանիկը, մարտական ընկերը կամ թեկուզ բաջանաղը լինելը: Այս մտայնության հիմքում, անշուշտ, բացի սոցիալ-մշակութային գործոնից, ընկած է նաեւ մեր երկրի փոքր լինելու, բոլորը բոլորի հետ հեռավոր ազգակցական կապեր ունենալու հանգամանքը: Ոչ վաղ անցյալում են այն ժամանակները, երբ ղարաբաղցի լինելն էր համարվում «անցաթուղթ» կարիերայի անմատչելի բարձունքները նվաճելու համար:

Իսկ երբ որեւէ մեկը բարձր ու յուղոտ պաշտոնի էր նշանակվում, շատերին դա կասկածամիտ հետեւության տեղիք էր տալիս՝ «հո ղարաբաղցի չէ՞»: Երբ ՀՀԿ-ի իշխանության ծաղկուն շրջանն էր, որեւէ պաշտոնում նշանակվելու կամ ընտրվելու կարեւոր նախապայմանը այդ կուսակցությանն անդամատոմս ունենալն էր, որովհետեւ այն «քար էր ճղում», «սարեր շուռ տալիս», փրկում բանտից եւ այսպես շարունակ… Հեղափոխությունից հետո, երբ երբեմնի «ասող» ուժը հայտնվեց տոտալ մերժման ռեժիմում, եւ «գրասենյակը» սկսեցին զանգվածաբար լքել, հակառակ պրոցեսը նկատվեց մեկ այլ կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում. մարդիկ զանգվածաբար սկսեցին անդամագրվել «հաջողության կուսակցությանը»՝ այժմ էլ այն դիտարկելով որպես կարիերա անելու հուսալի տրամպլին:

Այսինքն, սեփական ուժերին չվստահելու, անձնային եւ մասնագիտական որակները օժանդակիչ զանազան գործոններին ստորադասելու մտայնությունը դեռեւս խորը նստած է մարդկանց գիտակցության մեջ: Եւ պատահական չէ, որ երբ այս օրերին խոսվում է որեւէ մեկին պաշտոնի նշանակելու մասին, քչերին են հետաքրքրում վերջինիս մասնագիտական որակները, իսկ թե որ կուսակցությունից է նա, ում բաջանաղն է եւ արդյոք քայլել է հեղափոխության օրերին, շատերին է հետաքրքիր: Մարդու կարիերայի առաջխաղացումը մեկ այլ ազդեցիկ մարդու կամ գործոնի միջնորդությանը վերագրելը, անշուշտ, պատիվ է բերում նրան, որը ստանձնել է միջնորդությունը, իսկ երբ պաշտոնյան սայթաքում է կամ տապալում իրեն վստահված ոլորտը, բոլորը նույն պահին հիշում են միջնորդին ու մատնանշում՝ էսինչի թիմից է, ինչի սանիկն է կամ աներձագը:

Այնպես որ, ժամանակ է, որ մի հեղափոխություն էլ պաշտոնյաների գնահատման չափանիշների ոլորտում տեղի ունենա, եւ պաշտոնյան նույնականացվի միմիայն սեփական վաստակի ու անցած ճանապարհի հետ՝ ազատվելով որեւէ մեկին պարտական լինելու կամ սեւերես թողնելու խնդրից:




Լրահոս