Արտակ Զեյնալյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Արդարադատության նախարարության մի շարք ծրագրերի իրականացմանն աջակցելու և արդյունավետությամբ փոխգործակցելու համար:

Դեսպան Ֆարնուորթը ևս դրական է գնահատել համատեղ իրականացված աշխատանքներն ու իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ոլորտի բարեփոխմանն ուղղված հետագա մի շարք ծրագրերին:

Հանդիպման ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ 2018 թվականին մեկնարկած համատեղ ծրագրի արդյունքները: Ծրագրի նպատակն էր օժանդակել պատշաճ իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը` հասարակությանը կրթելու և շահագրգիռ մարմիններին ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների վերաբերյալ վերապատրաստելու նպատակով: Գայանե Հովակիմյանը տեղեկացրել է, որ դրա շրջանակում մշակվել է հանրային ծառայողների և սոցիալական աշխատողների վերապատրաստումների դասընթացների ծրագիր, հանրային հաղորդակցության ռազմավարություն և ուղեցույց, որոնք հրապարակվել են նաև Արդարադատության նախարարության կայքում՝ http://moj.am/legal/view/article/1214/ :

Հանդիպման ընթացքում քննարկվել են նշված ծրագրի շարունակականության, ինչպես նաև բրիտանական դեսպանության աջակցությամբ Պրոբացիայի ծառայության ռազմավարության մշակմանն և կարողությունների զարգացմանն աջակցելու հնարավորությունները:




Լրահոս