Օրերս լուրեր տարածվեցին, որ իր հանդիպումներից մեկում Սամվել Բաբայանը Արցախի ԱԺ առաջին նախագահ, դաշնակցական Արթուր Մկրտչյանի մահվան հանգամանքների հետ կապված մեկնաբանություններ է արել` ուղեկցված նվաստացուցիչ որակումներով:
Նշվում է, որ մասնակիցներից մեկի հարցմանն ի պատասխան, Սամվել Բաբայանն ասել է, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել և պետք չի սրա նրա վրա գցել՝ ընդգծելով, որ դեպքի մանրամասները կան, կա նաև Մկրտչյանի կնոջ ձայնագրություն, որը ևս հաստատում է, որ Արթուր Մկրտչյանն ինքնասպան է եղել:
Բաբայանը նշել է, որ առկա են գործով ապացույցներ ատրճանակը, փամփուշտը, որոնք Արցախի գերագույն խորհրդի պաշտպանության, անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ, այդ ժամանակվա ՀՅԴ-ի ղեկավարներից Վալերիա Բալայանը (Բիստրի Ալեն) փորձել է թաքցնել:
Սամվել Բաբայանը ասել է, որ ժամանակին այդ միջադեպը չեն հանրայնացրել, որպեսզի ազգային խայտառակությունից խուսափեն, սակայն եթե այսօր որոշ մարդիկ թեման շահարկում են, ապա ինքը ստիպված կլինի այդ դեպքով ու այդ մարդկանց մասին շատ ուրիշ բաներ պատմել:
Բաբայանի խոսքերով, դաշնակցականերն ու Արթուր Մկրտչյանի՝ քաղաքական սպանություն թեզն առաջ քաշողները դեմագոգիայով են զբաղված և նման ձևով շարունակվելու դեպքում իրավիճակը կարող է բերել նրան, որ մի օր ողջ ճմշարտությունը կբացվի:
ArmLur.am-ը այս հարցի մասին խոսել է Սամվել Բաբայանի հետ:
-Պարոն Բաբայան, վերջերս կայքերում հրապարկվել է տեղեկություն, որ Դուք ձեր ելույթներից մեկում անդրադարձել եք Արցախի ԳԽ նախկին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան հանգամանքներին՝ ուղեկցված նվստացուցիչ որակումներով: Ընդհուպ հայտարարել եք, որ նրա գերեզմանը դուրս կբերվի եղբայրական գերեզմանից: Իսկապես նման հայտարարություններ արե՞լ եք:
-Ձեզ բացատրեմ հետևյալը: Հայտարարությունը հանդիպման ժամանակ եղել է ինքնասպանություն, թե սպանություն , իր ընտանիքն ու կինն են եղել, դա փաստ է: Ղարաբաղում կա դատախազություն: Կարող են գործին ընթացք տալ եւ ճշտել մնացած մանրամասները` ով ի՞նչ է ասում, ո՞նց է ասում, որովհետեւ արդեն 27 տարի է միայն էդ գործը չի: Ահագին քրեական գործեր կան: Այդ գործերը հեգնանքով դեպի ինձ են բերում, ես էլ ասում եմ, որ այդ սպանությունների մասով կան հեղինակներ, կան մարդիկ, որոնք կատարել են, թող քննություն վարեն եւ բացատրեն: Ուրիշ ավելացնելու բան չունեմ:
-Դուք չնշեցիք, արդյոք նման նվաստացուցիչ ձեւո՞վ եք արտահայտվել Արթուր Մկրտչյանի մասին:
-Ես էդպես չեմ ասել: Ես ասել եմ` երբ որ ճշտեք, որ ինքնասպանություն է, կարո±ղ է հետո էլ այդ քարը տեղափոխեք, ասեք` հերոս չի: Այդ գրածները չափազանցված են: Նայած ով ոնց է ուզում ձեւակերպել: Ես չեմ կարող ամեն գրածի մեկնաբանություն տալ: Ես ասել եմ` կարողա վաղն էլ ասեք հերոս չի, չգնաք ծաղիկ դնելու. այո, այդքանը ասել եմ: Բայց քարը շպրտեք, սա էսպես արեք, նա էնպես արեք, էդպիսի բաներ չեմ ասել:
-Ակնարկել եք, որ մանրամասներ գիտե՞ք:
-Նայեք: Քրեական գործով ատրճանակը կա, գնդակը կա, կա իր կնոջ ձայնագրությունը, կա բացահայտված բան, որ իր ատրճանակով է եղել: Իրենց տանը եղել է ինքն ու կինը: Իսկ եթե ուզում են ավելի մանրամասն բաներ իմանան, թող ընթացք տան: Եթե չեն ուզում, ուղղակի թերթերով ամեն անգամ արծարծել, թե մենք գիտենք ովքեր են դրա հետեւում կանգնած, կամ նման բաներ, ես դրա համար եմ նման բան ասել: Ասել եմ` վերջ տվեք, եթե չեք ուզում այդ մարդուն վարկաբեկել:
Լուսինե Մինասյան