Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է` ինչպես են ծանուցվում խախտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ:

Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ տրանսպորտային միջոցի հաշվառման կամ նախապես անձի կողմից հայտնված հասցեով:

Եթե փոստով ուղարկված որոշումը տարբեր պատճառներով հնարավոր չի լինում հանձնել հասցեատիրոջը, այն վերադարձվում է ուղարկողին՝ տվյալ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանություն և տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում: Այդ դեպքում որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելը ևս համարվում է պատշաճ ծանուցում:

Հնարավոր ոչ բարենպաստ հետևանքներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին հորդորում է ծանուցումների համար օգտվել նաև azdarar.am ինտերնետային կայքից և իրազեկվել փոստային ծառայության կողմից չհանձնված որոշումների առկայության մասին:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ




Լրահոս