Չեմպիոնների Լիգայի վերջին իրադարձություններից հետո շատերի հանար, կարծես, պարզ է դարձել նաեւ այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Ընթացող մրցաշրջանը ֆանտաստիկ է դասավորվում կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսիի համար: Նրա մշտական մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն արդեն դուրս է մնացել պայքարից, իսկ մրցաշարը շարունակող թիմերի մեջ երեւի թե միայն «Լիվերպուլում» կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են «խլել» բաղձալի մրցանակը արգենտինացուց: Հաշվի առնելով Լեոյի բարձր արդյունավետությունը` կարելի է հաստատել, որ այս պահին մրցանակի գլխավոր ֆավորիտը Մեսին է: Ամեն դեպքում հասկանալով, որ ֆուտբոլն ամենաանկանխատեսելի սպորտաձեւն է` առաջարկում ենք իրադարձություններից առաջ չընկնել եւ հասկանալ, թե որ ֆուտբոլիստները կարող են «վազանց» կատարել արգենտինացուց:
Մոհամեդ Սալահ
Տարին այդքան էլ լավ չմեկնարկած եգիպտացին ընթացքում կարողացավ փոխել իր խաղը եւ բոլորին ապացուցել, որ «ֆուտբոլային երկնակամարում» դեռ շարունակում է վառ մնալ Մո Սալահի անվան «աստղը»: «Լիվերպուլը» Չ/Լ-ի կիսաեզրափակչում կհանդիպի «Բարսելոնային» եւ այս խաղը բացի թիմային պայքարից կվերածվի նաեւ անհատական պայքարի: Եթե Սալահը կարողանա նպաստել, որ իր թիմը հաղթահարի կատալոնացիների արգելքը ու Անգլիայում հռչակվի չեմպիոն, ապա այդ պարագայում, կարծում ենք, որ Մոհամեդը կտիրանա լավագույնի մրցանակին:
Վան Դեյկ
Մերսիսայդցիների եւս մեկ ֆուտբոլիստ, ով այս մրցաշրջանը, մեղմ ասած, փառահեղ է անցկացնում: Նա ուղղակի շնչելու հնարավորություն չի տալիս հարձակվողներին, եւ ի՞նչ իմանաս` միգուցե Մեսիի հետ առճակատումը ճակատագրական դառնա Վիրջիլի համար:
Եթե իրատեսորեն մոտնենանք այս հարցին, ապա Վան Դեյկն ունի բոլոր հնարավորությունները «Ոսկե գնդակին» տիրանալու համար: Նա հրաշալի է անցկացնում խաղի ամեն վայրկյանը, եւ փաստ չէ արդյո՞ք անգլիական ակումբը կունենար այսպիսի տեսք, եթե այնտեղ չխաղար «գլադիատորական» ոգով հանդես եկող հոլանդացին:
Կրիշտիանու Ռոնալդու
Այս շարքը աննկարագրելիորեն կկորցներ իր հետաքրքրությունը, եթե չանդրադառնայինք Կրիշտիանու Ռոնալդուին: Բոլորն այս մրցաշրջանը համարում են ձախողված Ռոնալդուի համար, որի հիմնական մեղավորը հենց ինքն է` Կրիշտիանուն: Նա ինքն իր համար արդեն այնպիսի նշաձող է սահմանել, որը չհատելու պարագայում տարին դառնում է ձախողված: «Պետք է ամեն տարի հաղթել Չ/Լ-ն, եւ դառնալ լավագույն ռմբարկու ,այլապես նա ոչնչի չի արժանանա»: Ահա այսպես են մտածում մեծամասնությունը:Ռոնալդուն արդեն հաղթել է Իտալիայի Սուպերգավաթը եւ շուտով կհաղթի նաեւ Իտալիայի առաջնությունում: Արդեն պարզից էլ պարզ է, որ պորտուգալացին կմասնակցի նաեւ Ազգերի Լիգային: Եւ կարելի է ենթադրել, որ 3 տիտղոս նվաճելու պայմաններում Ռոնալդուն նույնպես կլինի «Օլիմպոսում» կանգնելու գլխավոր ֆավորիտներից մեկը:
Սա ֆուտբոլ է, այստեղ անհնարինը կարող է դառնալ հնարավոր, եւ այս պահին որոշել աշխարհի լավագույն ֆեւտբոլիստին ուղղակի անկարելի է:
Էդմոն Մարտիրոսյան