Բնակարանային գողությունների աճը, որ նկատվեց հատկապես վերջին համաներումից հետո, խիստ մտահոգել է իրավապահ մարմիներին: Ու թերեւս դա է պատճառը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է խստացնել բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների համար քրեական պատասխանատվության միջոցները:
Հիմա ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որը, սակայն, մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կխստացվի բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության, կողոպուտի եւ գողության համար քրեական պատասխանատվության նախատեսող քրեաիրավական նորմերի սանկցիան:
Ըստ գլխավոր դատախազության`2018 թվականին էականորեն աճել են անձնական գույքի հափշտակության դեպքերը: Աճը կազմել է 1453 դեպք: Մասնավորապես, 2018 թվականին 2017-ի համեմատ 56 դեպքով աճել են հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող կողոպուտի դեպքերը: Իսկ գողության դեպքերը մեկ տարվա ընթացքում աճել են 1135-ով, 1-ով`ավազակության դեպքերը: Սակայն իրավապահ համակարգը ավելի շատ մտահոգված է բնակարանային գողության դեպքերի աճով. դրանք 2018 թվականին 549 դեպքով աճել են: Ի դեպ, տեղեկացնենք, որ աճել են նաեւ անչափահասների կողմից կատարված բնակարանային գողության դեպքերը: Եթե 2017 թվականին արձանագրվել է անչափահասների կողմից կատարված բնակարանային գողության 23 դեպք, ապա 2018-ին` 32 դեպք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին երկու ամիսներին գրանցվել է ավազակության 15 դեպք, որը 6 դեպքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, գրանցված ավազակությունների թվից, կողոպուտի՝ 26 դեպք, որը 4 դեպքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից, գողության՝ 1385 դեպք, որը 522 դեպքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Այդ թվում` 248-ը բնակարանային գողության դեպքեր են, որը 67 դեպքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված բնակարանային գողությունների թվից:
Մասնագետների պնդմամբ` բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողությունների դեմ պայքարում կարեւոր է բազմաբնակարան շենքերի մուտքերի` հատուկ փականներով դռներով ու տեսագրող սարքերով կահավորումը:
Այսպես, առաջարկվում է բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության համար քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի նոր լրացվող` 2.1 մասում` որպես սանկցիա նախատեսելով ազատազրկում` 7-ից 12 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Միաժամանակ, հաշվի առնելով հրազենի կամ ռազմամթերքի գործադրմամբ կատարված ավազակության բարձր, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակությանը չզիջող հանրային վտանգավորությունը, առաջարկվում է հիշյալ ծանրացնող հանգամանքը եւս նախատեսել լրացվող` 2.1 մասում, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված կողոպուտի համար քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի նոր լրացվող 4-րդ մասում՝ որպես սանկցիա նախատեսելով ազատազրկում՝ 6-ից 10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության համար քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի նոր լրացվող՝ 5-րդ մասում՝ որպես սանկցիա նախատեսելով ազատազրկում՝ 5-ից 10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ըստ արդարադատության նախարարության` որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դատարաններին իրականացնել համաչափ պատժողական քաղաքականություն, անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում պատիժ նշանակելով ավազակության դեպքում՝ ընդհուպ 12, իսկ կողոպուտի, գողության դեպքում` ընդհուպ 10 տարի ժամկետով ազատազրկում: Բացի այդ, կատարվածը կարեւոր նշանակություն կունենա բնակարանային հափշտակությունների դեմ պայքարի գործում:
Հոգեբան Սամվել Խուդոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց`նշելով, որ պատժաչափը մեկ կամ երկու տարով ավելացնելը էական ազդեցություն չի թողնի: «Փորձը ցույց է տալիս, որ նման խստացումները էական ազդեցություն չեն թողնում: Մարդը եթե դա անում է, հետեւանքների մասին չի մտածում, չի գցում-բռնում`2 տարի ավել կտան թե մեկ, որովհետեւ իր հաշվարկով ինքը կմտնի կգողանա ու չի բռնվի: Եթե ավելի խիստ պատժամիջոց կիրառվեր, միգուցե դա ազդեր»,-նկատեց Խուդոյանը:
Մասնագետի չկարողացավ հստակ բացատրություն տալ, թե ինչու է բնակարանային կողուպուտի դեպքերը աճել: «Որպեսզի ապացուցվի, որ աճել է, պետք է կատարվի խորը վիճակագրական հետազոտություն: Քանի որ շատ դեպքերում մարդիկ կան չեն բողոքում`հույս չունեն, որ կբացահայտվի հանցագործությունը: Այնպես չէ, որ ժողովուրդի վիճակն ավելի վատացել է, տան կողպեքներն են ավելի թուլացրել, գուցե ոստիկանություն դիմողներն են ավելացել»,-բացատրեց հոգեբանը: Ապա նկատեց, որ մեր օրերում նախկինում ազատազրկվածը մեծ դժվարությամբ է կարողանում աշխատանք գտնել կամ նրա մոտ ընդհանրապես չի ստացվում լուծել իր զբաղվածության հարցը:
Փաստաբան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, բնակարանային գողության դեպքերը դժվար բացահայտվողներից են համարվում: «Այս պատճառով խստացնում են: Ես կարծում եմ, որ ճիշտ է դա: Չնայած երկրորդ կողմն էլ կա. ավելի ճիշտ կլիներ թողնել պատժաչափերը`սանկցիան, բայց նման հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ, կոնկրետ բնակարանային գողությունը, դրանց նկատմամբ պատիժը երբ նշանակվում է, պայմանական վաղկետը ավելի խստացնեին: Օրինակ, նախատեսվում է պատժի կրած 1/2 մասը մինչեւ չկրի, պայմանական չեն կիրառի, այդ դեպքում թող ասեն 2/3-րդը: Այսպես ավելի ճիշտ կլինի, քան օրենքի խստացումը, որովհետեւ շատ անգամ այն անդրադարձը չի ունենում, ինչը որ ակնկալվում է»,- նկատեց փաստաբանը: Արսենյանի խոսքերով, բնակարանային գողությունների դեպքերի աճի պատճառը սոցիալ-տնտեսական պայմաններն են. «Միանշանակ: Ինչի մասին է խոսքը»:
Այս իրավիճակում մտահոգողն այն է, որ 2018 թվականի համաներման արդյունքում բնակարանային գողություն իրականացրած անձինք հայտնվեցին ազատության մեջ, եւ կարճ ժամանակ անց ՀՀ-ում նկատվեց հանցագործությունների, հատկապես, գողության, կողոպուտի դեպքերի աճ: Անգամ իրավապահ համակարգի ներկայացուցիչները չէին թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը:
Սյունէ Համբարձումյան