Վարչապետը Ծառուկյանից հիմնավորումներ է պահանջել. ինչպես «Իմ քայլը» փրկեց Մհեր Սեդրակյանի որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկար բանավեճերից հետո երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին եւ նախագծերի փաթեթն ընդունվեց 78 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ փոփոխությամբ առաջարկվում է ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ Նշենք, որ ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանվելու է ժամանակավոր՝ մեկ տարով: Իսկ ներմուծվող կլինկերի համար ոչինչ չի փոխվում, տուրք չի սահմանվի: Նախագծերը դեռևս պետք է քննարկվեն նաև երկրորդ ընթերցմամբ, ապա՝ կրկին քվեարկվեն:

Դեռ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները առաջարկել էին ցեմենտի հումքի համար պետական տուրք չսահմանել, իսկ ցեմենտի ներկրման համար կառավարության առաջարկած 22 հազար դրամ պետական տուրքի գործողության ժամանակաշրջան սահմանել 1 տարին։ Եվ սրա նպատակը բացատրվում է այնպես, որ պետական տուրք կիրառվի Իրանից ներկրվող ցեմենտի վրա՝ շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար, սակայն բացակայում է ներկրվող կլինկերի վրա պետտուրքի տարածումը:
Բանն այն է, որ Երեւանի շուկայում Իրանից ներկրված ցեմենտն էապես ավելի էժան է, քան տեղական արտադրողն ունի իր արտադրական ծախսերի արդյունքում։ Եվ կառավարության ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանը խորհրդարանից հայտարարել էր, թե ներկայացված նախագծերով փորձել են պաշտպանական միջոցառում կիրառել ՀՀ-ում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն ամրապնդելու նպատակով:

Օրինակ «Երեւան ցեմենտ» ընկերության մեկ տոննա արտադրանքի գինը 40 հազար դրամ է, «Արարատցեմենտ»-ինը՝ 41 հազար դրամ, իսկ «Հրազդան»-ինը՝ 48 հազար դրամ։ Եվ 2018թ.-ի հեղափոխությունից հետո իրանական ցեմենտը մուտք գործեց հայկական շուկա, որը ՀՀ սահմանին իրանական ցեմենտը 8-10.000 դրամ է՝ չորս անգամ մատչելի»: Եվ հիմա իշխանության ներկայացուցիչները մեկնաբանում են՝ եթե այս փոփոխությունը չանեին, ապա տեղական արտադրող երեք ընկերությունները կփակվեին։ Ընդունված է կարծել, թե սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանի գործունեությունը։ Ինքը՝ «Արարատցեմենտի» սեփականատերը, անիմաստ է համարում տուրք մտցնելը, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի հումքի արտադրությանը։ Սակայն իրականում ամեն ինչ Գագիկ Ծառուկյանը կողմը չէ, քանի որ այս փոփոխությունից ավելի շատ տուժելու են հենց խոշորները՝ «Արարատցեմենտ»-ն ու «Հրազդանցեմենտ» ընկերությունը, իսկ ահա երրորդ ընկերությունը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին, միայն շահելու է այս փոփոխությունից։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չհերքեց, որ փոփոխությունը չանելու դեպքում այդ ընկերությունը փակվելու էր։ Նրա հետ հարցուպատասխանը ստորեւ․

-Պարոն Թունյան, նշվում է, թե այս փոփոխություններով շահերի բախում է լինելու։ Ինչպե՞ս կարձագանքեք։

-Եթե մենք այս նախագիծը չէինք փոփոխում, շուկայում գործող առնվազն մեկ ընկերություն տեղում փակվում էր։ Երևանում գործող ընկերություններից մեկը, որը ներմուծված կլինկերով ցեմենտ էր արտադրում, շուկայից դուրս էր մղվում։ Այս պարագայում իրենք էլ են մնում, խոշորն էլ է մնում, սակայն երկուսի շահերն էլ մի քիչ ոտնահարվում են։ Եթե մենք դնենք շատ ավելի մեծ տուրքեր սահմանեինք, այդ դեպքում էլ սպառողներն էին տուժվելու։ Մենք չենք ուզում շտապենք ու սխալ որոշում կայացնենք, մենք կքննարկենք բոլոր տարբերակները։

-Եվ հենց դրա համար են նշում, որ իշխանական ուժը պաշտպանում է Դավիթ Սեդրակյանի ընկերությանը։

-Մեզ համար տարբերություն չկա, թե այդ ընկերություններից որևէ մեկի սեփականատերը ով է։ Բացի դրանցից կան այլ փոքր ընկերություններ, որոնք զբաղվում են կլինկերից ցեմենտ արտադրելով։ Եթե անգամ լիներ մեր խմբակցությունից որևէ մեկին պատկանող գործարան, մենք այդ ամենը հաշվի չէինք առնելու։

-Դուք հանդիպե՞լ եք իրենց հետ։

-Մեր հարակից զեկուցող Հայկ Սարգսյանը փորձել է բոլորի հետ կապ հաստատել։ Ես ներկա եմ եղել Սեդրակ Առուստամյանի հետ հանդիպմանը եւ Գաջի գործարանի հետ հանդիպմանը։

-Այսինքն, այն խոսակցությունները, որ կողմնակապահություն է առկա, հերքո՞ւմ եք։

-Մենք հայտարարել ենք ներառական տնտեսական աճ ապահովելու մասին։ Պետք է շուկայում փոքրերի շահերն այնքան պաշտպանված լինեն, որքան խոշորներինը։ եթե մեծ ընկերությունն ունի այդ հնարավորությունները, լծակները եւ ի սկզբանե եղել է նրանց օգտին, մենք փորձել ենք այդ որոշումը բալանսավորել։

Հավելենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման հիմնական թեման եղել է հենց այդ փոփոխությունները, սակայն պայմանավորվածության հասնել չեն կարողացել։ Վարչապետը Ծառուկյանից պահանջել է հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու պետք է փոխվի, վերջինս ներկայացրել է, սակայն դատելով այն հանգամանքից, որ նախագիծը մնաց նույնը, ստացվում է հաղթեց իշխող ուժը։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս