Իրանահայ գործարար, «Նազարյան քուլինգ սիսթեմ» ՍՊԸ-ի տնօրեն Արվին Նազարյանը հայտնվել է անելանելի վիճակում: Պարզվում է` քաղաքացին նախորդ տարվա օգոստոսի 30-ին Իրանի «Խոյ Ցեմենտ» գործարանից Հայաստան է ներմուծել մոտ 47 տոննա ցեմենտ` ավելի քան 2.5 հազար դոլար արժեքով: Գործարարի պատմելով, 47 տոննա ցեմենտը այժմ գտնվում է մաքսատանը: Պարզվում է Արարատյան մաքսատանը գործարարից պահանջում են 17 դոլարով գնած մեկ տոննա ցեմենտը մաքսազերծել 200 դոլարով: Գործարարը փորձել է ներմուծված ապրանքների մաքսազերծումն իրականացնել գործարքի գնի մեթոդով:
«Չեն թողնում մաքսազերծեմ: Բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ ՊԵԿ-ին: Տարբեր տեսակի արգելքներ կիրառեցին, այսօր արդեն գործը դատարանում է, դատական երկրորդ նիստն անցել է, իսկ հաջորդ ամսին կկայանա երրորդ նիստը: Նախքան դատը ասում էին, որ տեղական արտադրողին պետք է պաշտպանենք: Թե ինչի հաշվին, չեմ հասկանում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ Արվին Նազարյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ ինքը Իրանի «Խոյ Ցեմենտ» գործարանի հետ 8000 տոննա ցեմենտի ձեռքբերման պայմանագիր է կնքել: Բայց այսօր չի կարողանում օգտագործել 47 տոննա ներկրած ցեմենտը:
Սյունէ Համբարձումյան