Ինչու Մայր Աթոռը նախկին իշխանությունների օրոք տարակուսանք չհայտնեց մեռելոցները աշխանքային օր դարձնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, անդրադառնալով Զատիկին հաջորդող երկուշաբթին ոչ աշխատանքային օր չհայտարարելու կառավարության նախաձեռնությանը, իր տարակուսանքն էր հայտնել` ընդգծելով. «ՀՀ կառավարության կողմից անցյալում հայտարարվում էին ոչ աշխատանքային օր: Անհասկանալի է այս հետքայլը»:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը բոլոր մեռելոցները ոչ աշխատանքային էր հռչակել, եւ Մայր Աթոռը դա համարում էր եկեղեցու ձեռքբերումներից մեկը: Բայց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չշարունակեց այդ պրակտիկան` որոշում կայացնելով, որ մեռելոցները պետք է լինեն աշխատանքային օրեր:

Այսինքն` այս ամենը որոշված է եղել դեռ նախկին իշխանությունների օրոք, եւ ուշագրավն այն է, որ Մայր Աթոռը այն ժամանակ որեւէ կերպ չարձագանքեց եւ միայն հիմա որոշեց իր տարակուսանքը հայտնել այս առիթով` սա որակելով հետքայլ: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի մասին փորձեց պարզաբանում ստանալ Մայր Առոթի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանից, որը մեզ հետ զրույցում նշեց, որ այս մասին ավելացնելու ոչինչ չունի, եւ ամեն բան հրապարակված է:

Հետաքրքրվեցինք` կոնկրետ ինչն է հետքայլ համարում, եւ նախկին իշխանությունների օրոք արդյոք նման խնդիր չի եղել: «Մնացյալը կառավարության ներկայացուցիչները պետք է պարզաբանեն։ Ես հիմնավորել եմ, թե ինչու եմ դա հետքայլ նկատում»,- ասաց տեր հայրը:




Լրահոս