Ինչու նախկին կառավարության օրոք ավստրալացի գործարարը ներդրումներ չի արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական արմատներով ավստրալացի գործարար, ներդրող Ռոբերտ Բասիլին Հայաստանում է: Նա ուսումնասիրում է հայկական շուկան ներդրում անելու նպատակով: Բասիլիի խոսքերով` բիզնես համայնքի նկատմամբ վստահություն կա, բայց, միեւնույն, ժամանակ Հայաստանում շատ են նաեւ ռիսկերը. դրանք են կաշառակերությունը, օլիգարխիկ համակարգը, ոչ այնքան զարգացած դատական համակարգը, Ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաեւ փակ սահմանները:

Նշենք, որ Ռոբերտ Բասիլին հանդիսանում է «Ramsis Capital LLC»-ի հիմնադիրն ու նախագահը, որը ցանկանում է կատարել ներդրումներ Հայաստանում: Ի դեպ, «Ramsis Capital»-ը ներդրումներ է կատարել Ուկրաինայում, Եգիպտոսում եւ Չինաստանում` ընդգրկելով էներգետիկ ինժեներական ակտիվները, շինարարությունը, էներգաարդյունավետությունը, կենսատեխնոլոգիան, թվային մեդիայի սպասարկումը: Նրա հաջողված նախագծերից է Կիեւի «Royal Golf Club»-ը` Ուկրաինայում առաջին գոլֆի դասընթացի մեկնարկը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Բասիլիի հետ:

-Պարո՛ն Բասիլի, ինչու՞ որոշեցիք տեղափոխվել Հայաստան եւ փնտրել պոտենցիալ ներդրումներ:

-2018-ին իմ կատարած 5 ուղեւորությունների եւ նոյեմբերին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում ես որոշեցի, որ ճիշտ կլինի դիտարկել հնարավորությունները եւ մարտահրավերները տեղում, այլ ոչ թե հետազոտությունների եւ վիճակագրության միջոցով: Անցյալ շաբաթ իմ թիմը ժամանեց Հայաստան բանակցությունների եւ ուսումնասիրությունների համար, եւ այդ գործընթացները կշարունակվեն:

-Ո՞ր բնագավառով եք առավելապես հետաքրքրված ներդրումներ իրականացնելու համար:

-Մենք առավելապես կենտրոնացած ենք բիզնես մոդելի եւ ոչ այնքան բիզնեսի ոլորտի վրա, քանի որ մեր ներդրումային թեզիսը շատ հստակ է: Մենք գերադասում ենք բիզնես, որը պարզ է, կա կանխատեսելի ազատ կանխիկի հոսք, ոլորտում գերշխող է: Այնուհետեւ մենք ուշադրություն կդարձնենք, թե արդյոք կարող ենք ձեռք բերել ընկերության որոշակի մասնաբաժինը մեծ զեղչով, որն իր հերթին կապ կունենա ընկերության ռազմավարության, կառավարման, թաքնված ակտիվների հետ: Ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ՏՏ, էներգետիկա, անշարժ գույք եւ այլն, սակայն այս պահին առավել կարեւորը ճիշտ բիզնես մոդել գտնելն է:

-Պարո՛ն Բասիլի, ո՞րն է պատճառը, որ Դուք ներդրումներ չեք արել նախկին կառավարության օրոք:

-Որոշակի պատճառ չկա ներդրումներ չանելու, կարող եմ ասել, որ ամեն ինչ ժամանակի հետ էր կապված: Իմ առաջին այցը անգամ եղել է 2018 թվականի փետրվարին, երբ դեռ իշխում էր նախկին կառավարությունը:

-Ի՞նչ եք կարծում, արդյոք բիզնես միջավայրը փոխվե՞լ Է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո:

-Միշտ էլ կան հաղթողներ եւ պարտվողներ հեղափոխության ժամանակ, բայց կարող եմ ասել, որ բիզնեսում տեսնում եմ տեղաշարժ, մոմենտումի առկայություն եւ վստահություն բիզնես համայնքի հանդեպ, սակայն միեւնույն ժամանակ Հայաստանում շատ են նաեւ ռիսկերը: Դրանք են կաշառակերությունը, օլիգարխիկ համակարգը, ոչ այնքան զարգացած դատական համակարգը, Ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաեւ փակ սահմանները: Այս եւ մնացյալ այլ խնդիրների համար պետք է գտնվեն լուծումներ:

-Պարո՛ն Բասիլի, Դուք անհանգստացա՞ծ եք արդյոք Հայաստանի ներկայիս ներքին քաղաքական իրավիճակով, սեւերի եւ սպիտակների բաժանումով:

-Ես անընդհատ ուսումնասիրում եմ Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, եւ հարց է ծագում, որը պիտի տա Հայաստանը. «Ի՞նչն ենք մենք առավել կարեւորում. միասնությո՞ւնը, թե՞ բազմազանությունը»: «Միասնական», թե «բազմազանեցված» Հայաստան ունենալու որոշումն իր հետ կբերի տարբեր իրավիճակներ:

-Որքանո՞վ են Հայաստանի օրենքները հարմար ներդրումներ իրականացնելու համար:

-Ես մտահոգված չեմ օրենքներով, բայց իրական մտահոգությունն այն է, թե ինչպես են կիրառվում եւ մեկնաբանվում տվյալ օրենքները: Սա եւ ոչ այնքան զարգացած դատական համակարգը այն մարտահրավերներն են, որոնք ես մատնացույց եմ անում ներկա կառավարությանը:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս