Սերժ Սարգսյանի ակնարկները հրաժարականից մեկ տարի անց․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանը, որ տասը տարի նախագահելուց հետո փորձում էր իշխանավարումը շարունակել արդեն վարչապետի պաշտոնում (իր օրոք ընդունված Սահմանադրության համաձայն` երկրի ղեկավարը վարչապետն է), ուղիղ մեկ տարի առաջ` այս օրը, հրաժարական ներկայացրեց: Հրաժարական ներկայացրեց համաժողովրդական ճնշման տակ, ու թեեւ դրանից դեռ մեկ օր առաջ հայտարարեց, որ 7 տոկոս ստացած ուժը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի` ակնարկելով նոր մարտի 1-ով, արդեն ապրիլի 23-ին խոստովանեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»:

Ս. Սարգսյանի հրաժարականի օրը Հայաստանում իսկական տոնախմբություն էր. ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի մյուս քաղաքների փողոցներում մարդիկ պարզապես ցնծում էին իրենց հաղթանակով: Իր հրաժարականից հետո Սերժ Սարգսյանն ամեն կերպ խուսափել է լրագրողների հարցերին պատասխանելուց: Երեկ նա ՀՀԿ-ում ներկա է գտնվել կուսակցությանը նոր անդամագրվածների հետ հանդիպմանը: Թեեւ քաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ չի տվել, բայց որոշ ակնարկներ արել է: Հարցին, թե մեկ տարվա ընթացքում ինչ է փոխվել երկրում, Սերժ Սարգսյանն ասել է, թե երբ ժամանակը գա, բոլոր հարցերին կպատասխանի: «Կարող է հարցերի քչություն լինել, պատասխանների քչություն չի լինի»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, եթե փորձենք հակիրճ ամփոփել ՀՀ-ում իշխանափոխության այս մեկ տարին, պետք է արձանագրենք՝ ամենակարեւոր ձեռքբերումը ՀՀ-ում առանց ընտրակեղծիքների, առանց ընտրակաշառքի ազատ ու արդար ընտրությունների անցկացումն է, ընտրություններ, որոնց արդյունքները ճանաչեցին նաեւ պարտված ուժերը: Տնտեսական հեղափոխության մասին ազդարարվել է: Տնտեսական ցուցանիշները կարծես դրականի մասին են խոսում:

Իշխանությունները որդեգրել են պետական պարտքը հետեւողականորեն նվազեցնելու քաղաքականություն. այժմ այն 6 մլրդ 934 մլն դոլար է, մինչդեռ Ս.Սարգսյանի օրոք մոտեցել էր 7 մլրդի սահմանագծին, ավելին՝ նախատեսված էր, որ 2018թ. տարեվերջին այն կանցնի 7 մլրդը, պարզապես իշխանափոխությունից հետո տեմպերն այլ եղան: Թավշյա հեղափոխությունից հետո արտագաղթի տեմպերը եւս նվազել են, ավելին՝ 2018թ. ներգաղթ է արձանագրվել. 21 հազարով ավելի շատ մարդ է ժամանել ՀՀ, մինչդեռ 2017թ. ՀՀ-ից հեռացել էր 26.9 հազար քաղաքացի, 2016թ.՝ 43 հազար քաղաքացի: Այս ընթացքում 18.8 մլրդ դրամով ավելացել են օտարերկրյա ուղղակի ներդրումները. 2017թ. 74.6 մլրդ դրամի ներդրում է եղել, 2018թ.՝ ավելի քան 93 մլրդ դրամի»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս