Մարտի 1-ի գործով աջակցության չափը՝ անհայտ, քանակը՝ փոքր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում քննարկվում էր «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի հեղինակները ԱԺ փոխնախագահներ, «Իմ քայլը» խմբակցության անդամներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են։

Այս նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ամիսներ առաջ, սակայն միայն երեկ սկսվեցին քննարկումները։ Մասնավորապես, օրենքում ամրագրված են երկու խումբ անձինք, որոնք կարող են աջակցություն ստանալ։ Օրենքը սահմանում է, որ աջակցություն ստանալու իրավունք ունի այդ օրերի գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը եւ այն անձը, որին նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Սակայն հետաքրքիր է, որ այդ աջակցությանը չափ սահմանված չէ։ Եվ նկատենք, որ այս նախագիծը մինչ այս տեսքին լինելը փոփոխվել է, եւ նախկինում փոխհատուցումն էր հիմքում դրված, ինչը հանդիպել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դիմադրությանը, եւ, ի վերջո, որոշվեց այն վերածել աջակցության, սակայն հետաքրքիր է, որ աջակցության ձեւը, չափը եւ տրամադրման կարգը, ինչպես նաեւ աջակցության տրամադրման համար դիմումի ձեւը, կցվող փաստաթղթերի ցանկը եւ քննարկման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Եվ աջակցություն ստանալու իրավուք ունեցող անձինք դիմումը կարող են ներկայացնել Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Օրենքն էլ ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Իսկ աջակցության չափն էլ կառավարությունը պետք է որոշի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Եվ մենք տեղեկացանք, որ արդեն այսօր այդ թեմայով կառավարությունում քննարկումներ են սպասվում։

Աջակցության ձեւը, չափը, տրամադրման կարգը, ինչպես նաեւ աջակցության տրամադրման համար դիմումներին կցվող փաստաթղթերի ցանկը եւ քննարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

Ստացվում է՝ նախագծում ամրագրված է, որ տուժած համարվում են միայն այն մարդիկ, որոնք ֆիզիկապես տուժել են այդ դեպքերի ժամանակ։ Եվ դրանց շրջանակն արդեն իսկ նշված է։ Բանն այն է, որ ՀՔԾ-ն տրամադրել է տեղեկանք, որ ծանր վնասվածք է ստացել 63 անձ, եւ նրանց ով լինելը հայտնի է։ Ընդ որում` նրանց թվում կան 13 քաղաքացիական անձ, 20 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող, 29 ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինվորներ։

Սակայն հայտնի է, որ այդ օրը վնասվածքներ են ստացել, սակայն չեն բարձրաձայնել այդ մասին, հալածվել են եւ լուռ են մնացել, սակայն նրանք այս նախագծով չեն համարվելու տուժողներ եւ հետեւաբար չեն կարող աջակցություն ստանալ։ Եվ նախագծի հեղինակներն առաջնորդվելու են հենց այն փաստաթղթով, որը կազմվել է այդ դեպքերից հետո, այսինքն` այդ ցուցակից դուրս էլ կլինեն մարդիկ, որոնք ֆիզիկական վնասվածքներ են ստացել, սակայն չեն ցուցակագրվել, հետեւաբար այդ ցուցակից եւս բացակայում են։ Եվ այս նախագծով խոսք է գնում միայն ֆիզիկական վնաս ստացած եւ այդպես տուժող համարվող մարդկանց մասին, սակայն այդ օրերին եղել են անձինք, որոնք գործազուրկ են դարձել, հետապնդվել, սնանկացել եւ այդ մասով են տուժող, սակայն այս նախագծով այդ նույն մարդիկ եւս ենթակա չեն աջակցություն ստանալու։

Եվ երեկ ԱԺ-ում քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ Լենա Նազարյանը նշել էր, թե աջակցության ձեւը կարող է ֆինանսական չլինել, եւ այդպես էլ չէր մանրամասնել, թե ինչ նկատի ունի` ֆինանսական չլինել ասելով։ Սակայն կառավարությունում այսօր քննարկում է լինելու, եւ շատ հարցերի պատասխաններ կտրվեն հենց այսօր. խոսքը հատկապես աջակցության չափին է վերաբերում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս