Խաչատուրովները դրսից եկած, ինչ գիտեն` էտը գդե, Խաչատուրովը չէր տիրապետում. Վլադիմիր Գասպարյանի ցուցմունքը. ՄԱՍ 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման հետ կապված, մասնավորապես` նախաքննության տվյալները հրապարակելու առիթով քրեական գործ է հարուցվել: Ումինչքննություն է ընթանում` պարզելու, թե ինչպես են «Մարտի 1»-ի աղմկահարույց գործիհանրային դեմքերի ցուցմունքները հայտնվել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում, մենք շարունակում ենք պնդել, որոչ մի օրենքչենք խախտել, եւ հաջորդաբար ներկայացնում ենքմերձեռքի տակ գտնվողցուցմունքներից հատվածներ:

Շարունակում ենք ներկայացնել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` «Մարտի 1»-ի գործովցուցմունքների շարունակությունը:

Քննիչի հարցին.«2008 թվականի մարտի 1-ի դեպքերին նախորդող օրերին` դեռեւս 2008 թվականի փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է թիվ 0038 հրամանը, որի քաղվածքը հետագայում հրապարակվել է մամուլում, համացանցում: Հրամանի քաղվածքում, մասնավորապես, նշված է սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ Զինված ուժերի կողմից ապահովվելու նպատակով:

Նույն հրամանով Երեւան քաղաքի կայազորի պետ,ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի աշխատանքն ապահովելու նպատակով ստեղծվել է կայազորի պետի աշխատակազմ, որում ընդգրկվել են ՀՀ պաշտանության նախարարության եւ ՀՀ Զինված ուժերիգլխավոր շտաբի գրեթե բոլոր կարեւորագույն վարչություններն ու բաժինները: Ասացեք` Դուքորեւէ կապ չե՞ք տեսնում 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հիշյալ հրամանի եւ հետագայում ՀՀ նախագահի` 2008 թվականի մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի հրապարակման միջեւ»:

Ի պատասխան` Վլադիմիր Գասպարյանն ասել է.«Իհարկե, ոչ ստաբիլ իրավիճակ էր, եւ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արձակվել է նշված հրամանը, Զինված ուժերը բերվել է զորանոցային վիճակի, իհարկե ոչ 100 տոկոս: Ես գտնում եմ, որ իրավիճակն է թելադրել: Ենթադրում եմ, որ ոստիկանությունն իրադրությունը ներկայացրել է ՀՀ նախագահին, վերջինս էլ հրահանգել է, կամ ՀՀ պաշտպանության նախարարն ինքն է նախաձեռնել այդ հրամանի արձակումը: Սա իմ ենթադրությունն է:

Ռազմական ոստիկանության պետը չէր մտնում անվտանգության խորհրդի կազմում: Չնայած Ռազմական ոստիկանության պետը կոլեգիալ մարմնի անդամ է, սակայն ինքը վարչության պետի կարգավիճակով էր ու, ըստ էության, այդ որոշումներում էական դեր չուներ, զսպող օղակ էր» :

ՀԱՐՑ. Համաձայն «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի`Ռազմական ոստիկանությունը գործել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում: Այսինքն`Ռազմական ոտիկանությունը հանդիսացել է ՀՀ ՊՆ Զինվածուժերի ստորաբաժանումներից մեկը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, այդպե՞ս է:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛:

ՀԱՐՑ. 2005 թվականի հանրաքվեով ընդունված եւ 2008 թվականին գործող ՀՀ սահմանադրության 8.2-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Զինված ուժերը ապահովում էՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնամխելիությունը: Քաղաքական հարցերում Զինված ուժերը պահպանում է չեզոքություն եւ գտնվում է քաղաքացիական վերահսկողության ներքո: 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին արդյոք Երեւան քաղաքում տեղի՞ են ունեցել այնպիսի իրադարձություններ, մասնավորապես`ՀՀ անվտանգության, պաշտպանության եւ տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ նրա սահմանների անձեռնամխելիության դեմ ոտնձգություններ, որոնք ՀՀ Զինված ուժերին, այդթվում`Ռազմական ոստիկանությանը, առիթ են տվել ներգրավվել սահմանադրությամբ եւ օրենքներովիրենց վերապահված լիազորությունների իրականացմանը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցն ինձ չի վերաբերում, ես չեմ գնահատականը տվողը, ես ընդամենը ստորաբաժանումներից մեկի ղեկավարն եմ, ղկավարությունն է խնդիրները դնում, լուծումները եւ հանձնարարությունները տալիս: Դա իմ գնահատականը չէ, մենք գիտենք, որ այդ ժամանակ ինչ-որ ակտիվացումներ են եղել սահմաններում:

ՀԱՐՑ. Կոնկրետ կարո ՞ղ եք նշել, թե ՀՀ որ սահմաններումինչ ակտիվացումներ են գրանցվել:

ՊԱՏԱՍԽԱՆ. Տավուշի, Արցախի սահմաններով ակտիվացումներ են եղել: Ընդհանուր բնույթի Պրիամբուլայի նման, թե այս վիճակն է, այն վիճակն է, նման հայտարարություններ են եղել: Որպես կանոն, ներքաղաքական անցուդարձները իրանց ազդեցությունն են թողում սահմանային իրավիճակների վրա:

ՀԱՐՑ. Այդ դեպքում, ինչո՞ւ էր ՀՀ ՊՆ Զինված ուժերըկենտրոնացվում Երեւան քաղաքում, ինչո՞ւ չէին կենտրոնացվում սահմանային այն գոտիներում, որտեղ նկատվել են նման ակտիվացումներ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցը պետք է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Երեւի սահմաններում ուժերը բավարարել են, ինչից ելնելով էլ` ուժերի մի մասը բերվել է Երեւան:

ՀԱՐՑ. 2011 թվականի հունվարի 18-ին 1-in.am լրատվական կայքում հրապարավել է Ձեր` այդ ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարարի տված հարցազրույցը`«Ես ռոմանտիկ չեմ, ես պրիմիտիվ չեմ, ես հիվանդ չեմ» վերտառությամբ: Նված հարցազրույցում, ըստ էության, Դուք հաստատել եք 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձություններին բանակի ներգրավվածության փաստը:

Ավելին, Դուք պնդել եք, որ մարտի 1-ին բանակը գործողություններ չի կատարել, բանակի ծրագրային ֆունկցիան եղել է մնալ կառավարության շենքում, Դուք եւ Ձեր զորքը Կառավարության շենքից դուրս չեք եկել: Ընդ որում, Դուք բանակի ներգրավվածությունը հիշյալ իրադարձություններին վերահաստատել եք`նշելով, որ օպերատիվ շտաբ է ստեղծվել.« Բա ո՞նց լիներ, բա բանակն էլ ո՞նց են կառավարում: Ես հրամանատար եմ, իմ մոտ խորհրդակցություն եմ հավաքել, ինստրուկտաժ եմ արել, բա չանեի՞նք, պատկերացնո՞ւմ եք, բերեինքու չկառավարեինք»: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ, որ Ձեր հարցազրույցում ուղղակիորեն փաստում եք մարտիմեկյան դեպքերին բանակի ներգրավվածության հանգամանքը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, օպերատիվ շտաբ ստեղծվել է, ներգարվվել են բանակի, ոստիկանության, արտակարգ իրավիճակների ստրաբաժանումների ղեկավարները, ինչպես նաեւ առողջապահության ոլորտի ղեկավարները: Շտաբը կառավարում էր Խաչատուրովը, նա նշանակվել էր ՀՀ նախագահի կողմից եւ կոորդինացնում էր ե՛ւ բանակը, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ ԱԻՆ-ը: Ես ղեկավարել եմ կոնկրետ իմ ստորաբաժանման` Ռազմական ոստիկանության խնդիրները:

ՀԱՐՑ. Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ներգրավվել են մինչեւ«Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակումը: Այդ հանգամանքը չեք հերքել նաեւ Դուք: Մասնավորապես, նույն լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել եք. «…… երբ տեսնում ես էքստրեմալ իրավիճակ է, ի՞նչ է նշանակում, թուղթը կես ժամ հետո ստորագրեցին ……»: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե որոշումը կա, արդեն պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարել: Կազմակերպելու, ուժերը հաշվարկելու, խնդիրը իրավիճակը վերլուծելու. գործողությունները նախապես ծրագրավորվել են: Դրա համար եմ ասել, որ ինչ կապ ունի, թե թուղթը երբ է ստորագրվել:

ՀԱՐՑ. Այսինքն` Ձեզ նախապես հայտնի է եղել, որ ՀՀ նախագահը «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիր էր ստորագրելու, ինչին ներգրավվելու էր նաեւ բանակը, այդ թվում`Ռազմական ոստիկանությունը, եւ ինչն էլ նախապատրաստել եք:Այդպե՞ս է:

ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե, նախապես գիտեինք, որ արտակարգ դրություն պետք է հայտարարվեր, նման խոսակցություններ են եղել, եւ դրան նախապատրաստվել ենք:

ՀԱՐՑ. Ե՞րբ են նման խոսակցություները շրջանառվել:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այն ժամանակ, երբ Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու հրաման էր տրվել:

ՀԱՐՑ. Ըստ էության, նշված թիվ 0038 հրամանով ստեղծվել է զինվորական կառավարման նոր մարմին, ինչից ենթադրվում է, որ այդ մարմինն ունեցել է ռազմական գործողությունների ծրագիր, այլ խոսքով` պլան: Նշված ծրագրի մասին հայտնել եք նաեւ հիշյալ հարցազրույցի ժամանակ, որում մասնավորապես, հայտարարել եք. «Ես հայտարարում եմ, որ բանակի ծրագրային ֆունկցիան եղել է մնալ կառավարության շենքում»: Ասացե՛ք, եթե Դուք`որպես Ռազմական ոստիկանության պետ, հրահանգ եք ունեցել մնալ կառավարության շենքում, ապա բանակային մյուս ստորաբաժանումները որտե՞ղ են տեղակայվել, Երեւան քաղաքի ո՞ր հատվածներում, ո՞րօրը, ո՞ր ժամերին, որո՞նք էին ծրագրով բանակային ստորաբաժանումներին վերապահված գործառույթները:

ՊԱՏԱՍԽԱՆ. Խոսքը պետք է վերապահել Պաշտպանության նախարարության ղեկավարությանը, ովքեր տեղաբաշխումներ են արել: Ինձ` ռազմական ոստիկաններին, տեղաբաշխել են այնտեղ, որտեղ ծառայել են, մյուսներին էլ տվել են իրենց տեղաբաշխումները իրենց ծառայության կոնկրետ վայրերում: Այդ տեղաբաշխումներին, թե որ ստորաբաժանումները որտեղպետք է լինեին, ես տեղյակ չեմ: Այդ որոշումները կարող էին փոփոխվել: Ես կոնկրետ ունեի իմ տեղակայման վայրը:

ՀԱՐՑ. 2011 թվականի հունվարի 18-ին 1-in.am լրատվական կայքում տված Ձեր հարցազրույցում Դուք նշել եք. «Ես Խաչատուրովներից էլ շատ լավ ինֆորմացված եմ, ավելի լավ գիտեմ ամեն ինչ, էդ մարդիկ փողոցների տեղը չգիտեին, Երեւանը չեն ճանաչում էդ մարդիկ, դրսից եկած, ինչ գիտեն` Պրոսպեկտ, Մաշտոց, Լեոյի փողոց, էտը գդե»:Հայտնեք, թե ինչ տեղեկատվության եք ավելի լավ տիրաապետել, քան կայազորի պետը եւ մյուս ստորաբաժանումների ղեկավարները:

ՊԱՏԱՍԽԱՆ. Խոսքը վերաբերում է փողոցներին, Երեւանի փողոցներին, որ Խաչատուրովը չէր տիրապետում: Ինչից էլ բարկացել եմ. իմ տեղեկայման վայրն իմանալուց հետո Ռազմական ոստիկանության աշխատակիցներին հրահանգել եմ մնալ Կառավարության շենքի դիմաց:

«Ժողովուրդ» Օրաթերթը այս հարցուպատասխանով սահմանափակում է ՀՀ նախկին ոստիկանապետի տված ցուցմունքների հրապարակումը, քանի որ այս հարցերից հետո քննիչը Վլադիմիր Գասպարյանին տվել եւ ստացել է պետական գաղտնիք պարունակող հարցեր, որոնք եւ, երկրի անվտանգությունից ելնելով, «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակում, ավելի ճիշտ` դրանք մեզ չեն փոխանցվել:

Քնար Մանուկյան




Լրահոս