Խայտառակ չարաշահումներ` ԲԷՑ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացրած ստուգումների արդյունքում ՀՀ հաշվեքննիչ պալատը երկու առանձին նյութ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն ուսումնասիրելու եւ իրավական ընթացք տալու համար: Բանն այն է, որ Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք չարաշահումներ:

Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է չարաշահումների ընդամենը մի մասը: Մասնավորապես, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության մեջ հայտնաբերվել են էական անհամապատասխանություններ եւ խեղաթյուրումներ, որոնց հետեւանքով ֆինանսական հաշվետվություններն էականորեն խեղաթյուրված են եղել:
Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ դեռեւս 2014 թվականին կնքվել է վարկային համաձայնագիր`37 մլն դոլար արժեքով: Ի դեպ, վարկային ծրագրի ավարտը 2020 թվականի հունիսի 30-ին է: Ապա ֆինանսների նախարարության եւ ԲԷՑ-ի միջեւ 2015 թվականին կնքվել է ենթավարկային համաձայնագիր, որով վարկային միջոցներից 23.4 մլն դոլար գումարի չափով վերավարկավորվել ԲԷՑ-ը:

Օրինակ, «Ագարակ-2» եւ «Շինուհայր» ենթակայանների շինարարական եւ մոնտաժային աշխատանքների գծով գլխավոր կապալառուն ներկայացրել է ենթակապալառուներ, որոնք պետք է բավարարեին գլխավոր կապալառուի մրցութային փաթեթով սահմանված չափանիշները: 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018թ.-ի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում գլխավոր կապալառուի կողմից մատակարարված 5 մլն 701 հազար դոլար արժեքով սարքերի եւ սարքավորումների մատակարարման հաշիվ-ապրանքագրերում առկա են պայմանագրի գնացուցակի հետ մի շարք անհամապատասխանություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 25 ապրանքատեսակների գծով ի հայտ են եկել գնային անհամապատասխանություններ` ընդհանուր300 հազար 703 դոլարի չափով: Օրինակ` 137 հազար 108 դոլար արժողությամբ 7 տեսակի սարքեր եւ սարքավորումներ պայմանագրի գնացուցակում ներառված չեն եղել,իսկ, ահա, գնացուցակում ներառված 7 ապրանքատեսակի մասով 16 հազար 489 դոլարի մաքսազերծման ծախսեր են իրականացվել ԲԷՑ-ի կողմից:

Բացի այս, ԲԷՑ-ը տրանսպորտային միջոց է ձեռք բերել եւ շահագործել է գլխավոր կապալառուի պայմանագրի տեխնիկական պահանջներին ոչ համապատասխան: Պարզվում է`կապալառուն նախագծման աշխատանքների շրջանակներում ԲԷՑ-ին պետք է ապահովեր փոխադրամիջոցով`ներառյալ դրա գործառնական եւ պահպանման ծախսերը: Մեզ հայտնի դարձավ, որ կապալառուն ԲԷՑ-ին մատակարարել է 66 հազար 352 դոլար արժեքով Toyota Land Cruiser 200 մակնիշի փոխադրամիջոց: ԲԷՑ-ին մատակարարված փոխադրամիջոցը պետք է հասանելի լիներ ծրագրի ողջ ընթացքում:

Բացի այս, 2017 թվականի հոկտեմբերի 25-ին ԲԷՑ-ի եւ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջեւ կնքված վարձակալության պայմանագրով մատակարարված փոխադրամիջոցն ամսական 80 հազար դրամով տրվել է «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ին այն դեպքում, երբ 2018 թվականի մարտի 1-ին ԲԷՑ-ին պատկանող Շեւրոլե Նիվա մակնիշի ավտոմեքենան տրամադրվել է վարձակալության ամսական 12 հազար դրամով: Այսինքն՝ շատ ավելի բարձր դասի մեքենան ավելի ցածր գնով է տրվել վարձակալության. մի երեւույթ, որ չի տեղավորվում մարդկային տրամաբանության սահմաններում:

Բացի այս, գնումների գործընթացում պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են բազմաթիվ չարաշահումներ, օրինակ` ԲԷՑ-ի հենարանների ներկման աշխատանքներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 65 տոկոսով ներկրվել է թվով 63 հենարան, 35 տոկոսով`42-ը, 70 տոկոսով`90, 100 տոկսով`48 հենարան, իսկ պայմանագրով նախատեսված 268-ից չի ներկվել 25 հենարան: Ավելին` պարզվել է նաեւ, որ տվյալ գործարքի կատարողականները հաստատող ԲԷՑ-ի պաշտոնատար անձը այդ պահին զբաղեցրել է ԲԷՑ-ի մասնաճյուղերից մեկի ղեկավարի պաշտոնը, նախկինում զբաղեցրել է մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրած կազմակերպության տնօրենի տեղակալի պաշտոնը:

Նրա ընտանիքի անդամը հանդիսացել է հաղթող կազմակերպության աշխատակից եւ ազգակցական կապի մեջ է գտնվում երկրորդ տեղը զբաղեցրած ընկերության հիմնադիրի հետ: Նա նաեւ հանդիսացել է մեկ այլ ընկերության հիմնադիր, որի տնօրենը հանդիսանում է երկրորդ տեղը զբաղեցրած ընկերության հիմնադիրը, հետագայում դարձել է ԲԷՑի տնօրենը: Եւ զարմանալի չէ, քանի որ գնման փաթեթում բացակայել են գնահատող հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվող շահերի բախման բացակայության մասին հայտարարությունները եւ գնահատման թերթիկները:

Հավելենք, որ հենարանների ներկման համար ԲԷՑ-ը ծախսել է 142 մլն դրամ: Եղել են դեպքեր, երբ մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող է ճանաչվել մասնակցության պայմանները չբավարարող ընկերություն: Բացի այս, արձանագրությունում որպես կնքված պայմանագրի գին նշված է 172 մլն 387 հազար դրամ,մինչդեռ պայմանագիրը կնքված է 109 մլն 200 հազար դրամի չափով: Նշենք, որ «ԲԷՑ»-ը պալատի ստուգումներին ի պատասխան ներկայացրել է նաեւ առարկություններ, բացատրություններ:

Ի դեպ, ԲԵՑ-ում հայտնաբերված չարաշահումների մասին բարձրաձայնել է նաեւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք`ՊՎԾ-ն նախորդ տարվա ամռանը ստուգումներ էր իրականացրել ընկերությունում: Ըստ ՊՎԾ-ի` տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել էր ընկերության հաշվին, աշխատողների միջոցով: Բացի այս, բացահայտվել էր նաեւ միլիոնների արժողությամբ տրանսֆորմատորի գողության դեպք, երբ բրիտվայով քերել, ջնջել էին տրանսֆորմատորների վրայի տվյալները եւ գրիչով նորից վրայից գրել այլ տվյալներ: Իսկ 300 մլն դրամանոց տրանսֆորմատորը որպես ջարդոն 12 մլն-ով լիկվիդացրել են, եւ այն հետո հայտնաբերվել է «Միկմետալ» ընկերությունում:

Ու տարբեր լրատվամիջոցներում Սանասարյանի հետ կապված ակնարկներ եղան` ԲէՑ-ում ստուգումների հետ կապելով իրեն սպասարկող «Լեքսուս» մեքենայի առկայությունը: Ինքը` Դ.Սանասարյանը, կտրականապես հերքել է այդ լուրերը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս