ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակումը՝ տնային տնտեսությունների կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացման ծավալների վերաբերյալ, ուշագրավ փաստեր է բացահայտում: Այս փաստաթղթից պարզ է դառնում, թե 2017 եւ 2018 թվականներին Հայաստանում որքան կարտոֆիլ, միս, կաթ, մեղր է իրացվել, եւ դրանց մնացորդը որքան է կազմում տնային տնտեսություններում: Պարզվում է` Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի բնակիչները կարտոֆիլը հավաքում են, բայց մեծ մասը չկարողանալով իրացնել` պահեստավորում են:
Օրինակ, 2018 թվականին Հայաստանում կարտոֆիլի իրացման ծավալները 2017 թվականի համեմատ պակասել են: Այսինքն` անցած տարի 9.8 տոկոսով կարտոֆիլ քիչ է վաճառվել: Հիմնականում կարոտֆիլ քիչ են վաճառել Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի բնակիչները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կարտոֆիլի բերքի 39.2 տոկոսը վաճառվել է, 19.5–ը` օգտագործվել, իսկ 32.7 տոկոսը կազմել է տնտեսությունում առկա մնացորդը: Ստացվում է, որ պահեստավորած կարտոֆիլով հարուստ մարզերն են Արագածոտնը,
Լոռին, Գեղարքունիքը, Շիրակը, Կոտայքը, Տավուշը:
Ինչպես հայտնի է, Հայաստանում կարտոֆիլագործությամբ զբաղվող հիմնական շրջաններն են Գեղարքունիքը, Շիրակը եւ Սյունիքը: Նախորդ տարի գյուղացիական տնտեսությունների մեծ մասը հույս ունեին, որ պահեստավորած կարտոֆիլն ավելի թանկ գնով կվաճառեն, բայց նրանց ակնկալիքներն այդպես էլ չարդարացան: Արդյունքում գյուղացիների մեծ մասը պահեստավորած կարտոֆիլը անասուններին է կերակրել:
ՀՀ Շիրակի մարզի Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրացման խնդրի պատճառով իրենց գյուղում 30 տոկոսով քիչ է կարտոֆիլ մշակվել: «Մարդիկ վախենում էին, որ չեն կարող վաճառել, դրա համար էլ չցանեցին: Բայց նախորդ տարվա ընթացքում կարտոֆիլի փտախտ հիվանդությունն առաջացավ, որի դեմ դեղը բավականին թանկ էր: Ով կարողացավ թունաքիմիկատը ձեռք բերեց, սրսկեց, պաշտպանեց, բայց մի մասը չկարողացավ:
Բերքի ծավալներն էլ պակասեցին` 20-22 տոննա հավաքվեց: Մինչդեռ 2016-2017 թվականներին 51 տոննա կարտոֆիլ է հավաքվել գյուղից»,- նկատեց գյուղապետը: Պարզվում է` Գետքում կարտոֆիլի սերմացուի լուրջ խնդիր կա. «Կարտոֆիլը, որը պետք է պահեին որպես սերմացու, անասուններին տվեցին: Կարտոֆիլի գները որ էժան էին, մարդիկ էլ որոշեցին ծախս չանել եւ կարտոֆիլ չցանել: Բայց քանի որ այս տարի կարտոֆիլը թանկ է, շատերն են ուզում մշակել, բայց սերմացու չունեն. սերմացուն ով կարողանում է ծանոթ, բարեկամ գտնել, ապառիկով է վերցնում: Գումար չկա, չունեն, նիսյա է»:
Ամեն տարի, երբ Հայաստանում սկսվում է բերքահավաքը, գյուղացիներն իրենց աճեցրած բերքն իրացնելու խնդրի հետ են բախվում: Մշտապես նույն պատկերին ենք ականատես լինում: Փորձը ցույց է տվել, որ մինչեւ հիմա գյուղացին ինքնուրույն է լուծել բերքի իրացման խնդիրը: Բացի այս, գյուղացին հասկացել է, որ հող մշակելով ոչ մի օգուտ չի ստանում, այլ միայն վնաս է կրում: Հող մշակելը դարձել է թանկ հաճույք, ինչի համար մեծ ծախսեր են պահանջվում, որի հնարավորությունն այսօր վարկերի տակ կքած գյուղացին չունի:
Օրինակ` անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել ու հավաքել. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Եթե անցած տարի մեր երկրում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 415 հազար 100 տոննա, ապա 2017-ին հավաքվել է 547 հազար 400 տոննա կարտոֆիլ, իսկ 2014թ.-ին` 696 հազար 100 տոննա կարտոֆիլ: Սա, թերեւս, մտահոգիչ է, քանի որ այս տեմպերով գնալու դեպքում ոչ միայն այս, այլեւ հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ շատ քիչ զբաղվել:
Կառավարությունը ոչ մի պայման չի ստեղծում գյուղացու հոգսը թեթեւացնելու ուղղությամբ: Գյուղացին թանկ գնով ձեռք է բերում սերմացուն, ծախս անելով` հող է մշակում, բայց հավաքելով բերքը` չի կարողանում խելամիտ գնով իրացնել: Ու եթե փոքր տնտեսությունների դեպքում խնդիրն ինչ-որ կերպ լուծելի է, քանի որ մարդիկ շուկաներում կարող են կիլոգրամ-կիլոգրամ իրացնել իրենց բերքը, ապա ֆերմերների դեպքում, որոնք 10 կամ 20 տոննա կարտոֆիլի բերք են ստացել, լուրջ խնդիր է առաջանում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մթերման հարցերով չի զբաղվում` հիմնավորելով, որ ազատ մրցակցային շուկա է, եւ իրավունք չունի գնային քաղաքականություն սահմանել եւ այն վերահսկել, իսկ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն էլ ի զորու չէ շուկա գտնել հայ ֆերմերների համար: Այս հարցը երկար տարիներ մնում է անլուծելի, մինչդեռ գյուղատնտեսության նախարարությունը կարող էր գոնե կազմակերպչական աշխատանքներն իրականացնել, մարզային իշխանությունների հետ համագործակցելով` կազմակերպել գյուղատնտեսական աշխատանքը` ցանքից սկսած մինչեւ իրացում:
Սակայն գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Շուտով` մայիսի ամսից, կսկսենք ցանքերի վերաբերյալ մարզերից օպերատիվ տեղեկություններ ճշտել` Արագածոտնում որքան կարտոֆիլ, Շիրակում, Գեղարքունիքում ինչքան գարնանացան է կատարվել` ըստ տեսակների: Մենք նաեւ հավաքագրում ենք մարզերից, թե ինչ են կանխատեսում ակնկալվող բերքի վերաբերյալ»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 2 հազար 22 տոննա կարտոֆիլ, իսկ 2017-ին` 2 հազար 48 տոննա կարտոֆիլ: Արդյունքում ներքին շուկան հագեցվում է ներկրված կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլն էլ չի իրացվում. մեծ ծախսեր կատարած գյուղացիները վնասներ են կրում եւ տարեցտարի հրաժարվում են կարտոֆիլ մշակելուց:
Սյունէ Համբարձումյան