Armenian text to speach

Որքան են վճարելու կոմունալ վարձերի համար մարզպետարանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մինչ Հայաստանի նպաստառու եւ սոցիալապես անապահով ընտանիքները կաշվից դուրս գալով փորձում են վճարել ընթացիկ ամսվա կոմունալ վարձերը, Հայաստանի մարզպետարանները վճարում են ընթացիկ տարվա սպառվելիք կոմունալ վարձերը:

ArmLur.am-ը տեղեկացավ, թե ՀՀ մարզպետարաններից որը որքան է նախատեսում ընթացիկ տարվա համար ծախսել կոմունալ վարձերը վճարելու համար:

Սկսենք ՀՀ Արարատի մարզպետարանից: Պաշտոնական փաստաթղթերից մեզ հայտնի դարձավ, որ ընթացիկ տարվա համար Արարատի մարզպետարանը էլեկտրաէներգիայի համար պետական միջոցներից նախատեսել է ծախսել 6 մլն 140 հազար 400 դրամ, գազի սպառման համար`3 մլն 139 հազար 300 դրամ:

Պարզվում է, որ մարզպետարանը տեղային եւ միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար ավելի շատ գումար է ծախսելու, քան գազի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արարատի մարզպետարանն ընթացիկ տարվա միայն տեղային եւ միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար նախատեսել է ծախսել 5 մլն 360 հազար 800 դրամ, սրան գումարած եւս 645 հազար դրամ: Թե ում հետ են հեռախոսով խոսում Արարատի մարզպետարանում, պաշտոնական փաստաթղթում չի մանրամասնվում: Հետաքրքրիր է` նրանց հեռախոսազրույցները նպաստում են արդյոք մարզի զարգացմանը: Սա դեռ հարց է:

Հա, չմոռանանք`696 հազար դրամ էլ մարզպետարանը նախատեսել է ծախսել ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների, 145 հազար դրամ` խմելու ջրի համար:

Արմավիրի մարզպետարանում պատկերը մի փոքր այլ է. այստեղ ընթացիկ տարվա էլեկտրաէներգիայի սպառման համար կծախսվի 9 մլն 169 հազար 800 դրամ: Մարզպետարանի կարիքների համար սպառվելիք գազի համար նախատեսվում է վճարել 4 մլն 574 հազար դրամ: Իսկ ահա տեղային եւ միջքաղաքային հեռախոսների ծառայությունների համար ընթացիկ տարվա համար մարզպետարանը նախատեսում է վճարել 4 մլն 641 հազար դրամ: Արմավիրի մարզպետարանը խմելու ջրի համար կվճարի 187 հազար դրամ, իսկ շենքը ախտահանելու համար`34 հազար դրամ:

ՀՀ Կոտայքի մարզպետարանում կենացներն ավելի են քաղցրանում: Այս պետական մարմինն ընթացիկ տարվա սպառվելիք էլեկտրաէներգիայի համար նախատեսում է վճարել 12 մլն 690 հազար դրամ, տեղային եւ միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար կծախսվի 4 մլն 298 հազար դրամ, տնտեսական սանհիգիենիկ եւ լվացքի միջոցների համար`465 հազար դրամ, ԱՊՊԱ ծառայությունների համար`223 հազար դրամ, համակարգչային սարքերի պահպանման եւ վերանորոգման համար` 400 հազար դրամ:

Լոռու մարզպետարանի ընթացիկ տարվա էլեկտրաէներգիայի ծախսը կկազմի ավելի քան 9 մլն դրամ, գազի բաշխման համար՝ 5 մլն 985 հազար դրամ, ավտոմեքենաների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման համար՝ 972 հազար դրամ:

Վայոց ձորի մարզպետարանում ընթացիկ տարվա համար էլեկտրաէներգիայի սպառման համար կծախսվի 5.5 մլն դրամ, իսկ միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար` 4 մլն 607 հազար դրամ, գազի համար`2 մլն 747 հազար դրամ:

Ահա թե ինչպես են մարզային եւ համայնքային կառույցները ծախսում պետական եւ համայնքային բյուջեների միջոցները, բայց սրան զուգահեռ մարզերի բնակիչների սոցիալական խնդիրներն ավելի են շատանում, ճանապարհների վիճակն էլ՝ ավելի վատանում: Սակայն դա, կարծես թե, բոլորովին չի մտահոգում մարզային իշխանություններին:

Ս.Հ.




Լրահոս