2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից լավագույն սպասելիքներ ունեին թոշակառուները։ Որքանով են արդարացել այդ սպասելիքները, ինչ են ակնկալել ու ինչ են տեսնում այժմ Հայաստանում ապրող թոշակառուները, պարզեց ArmLur.am-ը հերթական հարցախույզի արդյունքում։
Պարզվեց, որ ՀՀ քաղաքացին հետհեղափոխական ժամանակներում ամենևին էլ չի նկատել դրական տեղաշարժ երկրի տնտեսական գոտում, ավելին, դեռ մի բան էլ դժգոհ է գործող իշխանությունից։ Քաղաքացիների պնդմամբ խանութներում վերջին շրջանում նկատվում է ապրանքի գնի աճ, ու այս պայմաններում ապրել նրանք այլևս չեն կարող:
Ռազմիկ Գալստյանը, ով ունի 45 տարվա աշխատանքային ստաժ, ստանում է 50 հազար դրամ թոշակ, որը, ըստ իրեն, չի բավականացնում անգամ կենցաղային մանր հարցերի լուծմանը։ Նա հորդորում ու խնդրում է իշխանություններին հնարավոր բոլոր տարբերակներով բարձրացնել ՀՀ քաղաքացու թոշակը։ Ըստ նրա՝ ՀՀ վարչապետի աշխատակազմն անփորձ է, ու Հայաստանի նման ճգնաժամային տնտեսություն ունեցող երկրում պետք է լինեին ավելի փորձառու նախարարներ։
Քաղաքացիների կարծիքով, այսպիսի մեծ տեմպով կրճատումները պետական կառույցներում կարող են ուժեղ հարված լինել երկրի տնտեսությանը, բացի այդ, սա կարող է տանել աղքատության։ Շատ մարդիկ մնացել են գործազուրկ։
Ռուբիկ Ստեփանյանը, ով խնայբանկում ևս գումար ունի, հույս էլ չհայտնեց, որ մի օր կտեսնի այդ գումարը, քանի ով դրա տարիքային շեմն այնքան բարձր է, որ գրեթե ոչ ոք չի էլ ստանում կուտակածը։ Նրա կարծիքով հեղափոխությունից հետո երկրում դրական տեղաշարժ դեռևս չի նկատվում, բայց հույսը չի կորցրել։
Լիլիթ Բոխյան