Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին հանդես է եկել հայտարարությամբ.
«Այսօր մենք միանում ենք Կանադայում գտնվող հայ համայնքին և ողջ աշխարհի հայերին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ցեղասպանություն, որը մարդկության պատմության մութ շրջանն է և պետք է երբեք մոռացության չմատնվի:
Թեպետ դրանից հետո անցել է ավելի քան մեկ դար, սակայն հիշատակը նրանց, ովքեր անարդարացիորեն կորցրեցին իրենց կյանքն ու տառապեցին, հիշեցնում է մեզ, որ մենք երբեք չպետք է ատելությանն ու բռնությանը պատասխանենք անտարբերությամբ:
Այս հանդիսավոր օրը հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի ուժին և ոգուն՝ մենք նայում ենք առաջ՝ խաղաղության ու փոխադարձ հարգանքի վրա կառուցված ապագային:
Կանադայի կառավարությունը հարգանքի տուրք է մատուցում այս ողբերգության զոհերին և վերահաստատում է իր հանձնառությունը՝ ձգտելու դեպի այն աշխարհ, որտեղ ոչ ոք, անկախ հավատքից և էթնիկ պատկանելությունից, չի վախենա ենթարկվել խտրականության կամ հետապնդումների»: