ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը օրերս ձերբակալվել էր Ռուսաստանում իրավապահների կողմից, դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
«Միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար բավարար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:
ՌԴ դատարանի որոշմամբ` Միհրան Պողոսյանը Ռուսաստանում 40 օրով կալանավորվելու է: ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ՌԴ դատարանի կողմից բավարարվել էր ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: