Արդեն մի քանի ամիս է` հումորիստ Տիգրան Գեւորգյանը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է հայրենիք: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` արդյոք կա նոր ծրագիր, որիշուրջ աշխատում է: «Այո, մի նախագծի վրա եմ աշխատում.խոսքը հեռուստատեսային արտադրանքի մասին է, բայց փակագծերը դեռ չեմ բացի»,-ասաց նա:
Հարցին` հայրենիք է վերադարձել մշտական բնակության նպատակով, թե ժամանակավոր, Տիգրանը պատասխանեց. «Առաջիկա մեկ տարում հաստատ կլինեմ Հայաստանում: Իսկ, առհասարակ, գործնական այցերով պարբերաբար լինում եմ Սանկտ Պետերբուրգում եւ Լոս Անջելեսում: Ամեն դեպքում, մեծ մասամբ Հայաստանում եմ լինելու»:
Նախկին «Վիտամին» հումորային ակումբի անդամին հարցրինք` մյուս անդամների հետկրկին համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակներ ունեն արդյոք: «Հիմա առանձին-առանձին ենք հանդես գալիս, բայց, կարծում եմ, կգա ժամանակ, եւ մենք կմիավորվենք որեւէ նախագծի շուրջ, որովհետեւ կարոտել ենքմեկսմյուսիս եւ մեր համատեղ աշխատանքը: Վստահ եմ, որ յուրաքանչյուրս էլ ունի նման ցանկություն: Անձամբ ես շատ կուզեմ, որ նման մի բան նախաձեռնենք»,-մեկնաբանեց Տիգրանը:
Նա շեշտեց` նախկին «Վիտամին» ակումբի տղաները այն եզակի թիմերից են, որի անդամները միմյանց հետ պահել են ընկերական ջերմ հարաբերությունները: «Արդեն քանի տարի է` միասին եթեր դուրս չենք եկել, բայց դա բացասաբար չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա»,-ասաց հումորիստը:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հետ կապված ինչհույսեր է կապում Տիգրանը: «Ես միշտ լավատես եմ եղել թե՛ դրանից առաջ, թե հետո: Այն ժամանակ էլ էի ասում, որ ամեն բան լավ է լինելու, հիմա էլ եմ ասում: Այնպես չի եղել, որ հայրենիքում վատ է եղել, այդ պատճառով եմ գնացել: Աշխատող մարդն իր համար միշտ էլ համապատասխան պայմաններ կստեղծի եւ անգործ չի մնա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բաբաջանյան