Երբ կարևոր հարցերը փակվում են «խորովածի սեղանի» շուրջ. ինչո՞ւ են աչք փակում դեղերի շուկայում լուրջ խախտումների վրա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այդպես էլ չի հաջողվում կանոնակարգել չգրանցված կամ փորձաքննություն չանցած դեղերի շուկան. Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այս ուղղությամբ մատը մատին չի խփում: Հատկապես Երեւանում ե՛ւ բժիշկներին, ե՛ւ տեսչական մարմնի աշխատակիցներին հայտնի է դեղատների ցանկը, որտեղ վաճառվում են չգրանցված կամ փորձաքննություն չանցած դեղեր: Նախկինում տեսչական մարմնի աշխատողները պարբերաբար ձգձգել են դեղատները ստուգելու գործընթացը` պատճառաբանելով, որ իրենք կարող են միայն դեղատուն մտնել քաղաքացու բողոքի հիման վրա:

Անգամ տեսակետ է շրջանառվում, որ տեսչական մարմնի աշխատողների կողմից իրականացված ստուգումների հարցը հաճախ փակվել է ավանդույթ դարձած «խորովածի սեղանի» շուրջ, եւ որոշ ժամանակ անց դեղատները դարձյալ սկսել են չգրանցված կամ էլ փորձաքննություն չանցած դեղորայք վաճառել: Հիմա շատերը հույս ունեն, որ թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ կփոխվի նաեւ այս ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սամվել Սողոմոնյանից հետաքրքրվեց` եթե մարմնի կողմից վերահսկվում է դեղորայքի շուկան, ապա ինչու շատ դեղատներում ազատ վաճառվում են չգրանցված դեղեր:

«Այս պահին հիմնականում վարչական վարույթներ ենք իրականացնում ստացված բողոքների ու ահազանգերի հիման վրա, իսկ պլանային ստուգումները դեղատներում նախատեսում ենք սկսել մոտ երկու-երեք ամսից»,- արդարացավ նա` միաժամանակ ասելով. «Երբ հասնում ենք սանկցիաներին, պատժամիջոցներին, շատ կարեւոր է հասկանալ` դեղատան մեղքը կոնկրետ չգրանցված կամ չփորձաքննված դեղը վաճառելու մեջ որն է, քանի որ մինչեւ այդ դեղը դեղատուն հասնելը այն դեղորայքի որեւէ խոշոր ներմուծող է բերել ՀՀ»: Ամեն դեպքում, դատելով Ս. Սողոմոնյանի խոսքերից` դեղերի շուկան առաջիկայում դեռ երկար ժամանակ դժվար էլ կանոնակարգվի, այնինչ հենց այս ոլորտում են անհրաժեշտ լուրջ կարգավորումներ, քանի որ սա առնչվում է մեզանից յուրաքանչյուրին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս