Երեկ` առավոտյան, իշխանական վերնախավը այցելել էր Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի կոտորածից զոհվածների հիշատակին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հուշահամալիր էին այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ եւ պատգամավորներ:
Սակայն հետաքրքիր է, որ երկու պաշտոնյա, այն էլ` ուժային ոլորտի ներկայացուցիչներ, գերադասել էին իրենց աշխատակիցների հետ առանձին այցելել Ծիծեռնակաբերդ` մեկը` վաղ առավոտյան, մյուսը` վարչապետի այցից հետո: Խոսքը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասին է, որն այցելել էր Ծիծեռնակաբերդ առավոտյան 8-ին, եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասին, որն էլ Ծիծեռնակաբերդ եկավ համակարգի աշխատակիցների հետ վարչապետի գնալուց հետո: