
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը ապրիլի 5-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է «Խոյանք» ընկերության հետ կնքած պայմանագիրը: Պատճառը «Խոյանք»-ի անպատասխանատու գործելաոճն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի եւ «Խոյանք»-ի միջեւ 2018 թվականի հունիսի 7-ին կնքվել էր պայմանագիր, որով ընկերությունը պետք է իրականացներ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհատվածի վրա տեղակայված հաղորդակցուղիների (էլեկտրական օդային գծեր, խմելու ջրատարեր, կապի մալուխներ եւ գազատարեր) տեղափոխման նախագծերի փոփոխությունների աշխատանքները:
Ավելին, «Խոյանք» ընկերությունը մինչեւ 2018 թվականի հուլիսի 7-ը պետք է կատարեր 3 մլն դրամ ընդհանուր գծով աշխատանքներ, սակայն սահմանված ժամանակահատվածում աշխատանքները չեն կատարվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Խոյանք»-ը պետք է տուգանք վճարի` ավելի քան 420 հազար դրամի չափով: Չի բացառվում, որ ընկերությունն իր անբարեխիղճ պահվածքի պատճառով հայտնվի նաեւ սեւ ցուցակում` գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: