ՀՀ կառավարությունը 2019 թվականին մի շարք դեսպանությունների եւ հյուպատոսությունների պահպանման նպատակով Արտաքին գործերի նախարարությանը գումար կտրամադրի: Խոսքը 347 մլն 522 հազար 400 դրամի կամ 714 հազար 300 դոլարի մասին է:
Ըստ ԱԳՆ-ի`նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին, եւ նրանց մի մասը` Վատիկանում, Ժնեւում եւ Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները, իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից:
Ի դեպ, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսն իր վրա էր վերցրել նաեւ Գլխավոր հյուպատոսության անձնակազմի պարտադիր ապահովագրական ծախսերը: Պարզվում է` այս ծախսերը ԱԳՆ բյուջետային հայտում ներառված չեն եղել, եւ բյուջեից գումարներ չեն հատկացվել: Եւ քանի որ անցած տարվա մայիսից ի վեր արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, առաջացել է այդ ծախսերը պետական բյուջեից ապահովելու անհրաժեշտությունը:
Ս.Հ.