«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նա անդրադարձել է իր անվան շուրջ հյուսվող բամբասանքներին, նշել, որ եղել են մտերիմ մարդիկ, որոք իրեն հիասթափեցրել են, եւ որոնց անհետ ջնջել է իր կյանքից: Երգչուհին խոսել է նաեւ իր բնավորության անտանելի գծերից եւ առավելություններից: Նա խոստովանել է, որ շուտ է բռնկվում, բայց կյանքը սովորեցրել է ավելի թեթեւ նայել ինչ-ինչ հարցերի:
-Սոնա՛, օրվա ո՞ր ժամին եք Ձեզ զգում ինչպես ձուկը ջրում:
-Օրվա երկրորդ կեսին, ավելի կնոկրետ՝ երեկոյան, ավելի լավ եմ զգում:
-Երբ տրամադրություն չեք ունենում, ո՞վ կարող է Ձեզ սփոփել:
-Միայն իմ բալիկը, բայց ասեմ, որ սովորաբար, երբ տրամադրություն չեմ ունենում, ցույց չեմ տալիս դա:
-Շատ հարազատ մարդիկ երբեւէ հիասթափեցրե՞լ են Ձեզ:
-Այո, եղել են այդպիսի մարդիկ: Ես ուղղակի ջնջել եմ նրանց իմ կյանքից:
-Կյանքի այս էտապում ինչի՞ց եք վախենում:
-Երեւի ոչ մի բանից.ինձ ուժեղ մարդ եմ համարում: Բայց, այնուամենայնիվ, պատերազմներից ու հարազատ մարդկանց կորստից վախենում եմ:
-Ունե՞ք այնպիսի մի տաղանդ, որի մասին քչերը գիտեն:
-Այո,ես շատ լավ եմ խաղում ֆուտբոլ: Մորեղբայրս ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է,այնպես որ, ունակություններս նրանից եմ ժառանգել: Եթե երգչուհի չդառնայի, գուցե եւ ֆուտբոլիստ լինեի:
-Ձեր անձի շուրջ հյուսված ամենազվարճալի բամբասանքը, որ երբեւէ լսել եք:
-Ասում են, թե կեղծել եմ ամուսնությունս, թե ոչ մի ամուսին էլ չունեմ, բայց ես կարող եմ ասել, որ դա սուտ է, ես ամուսնացած եմ, երջանիկ եմ: Պարզապես չեմ սիրում իմ անձնական կյանքը հանրայնացնել: Հարզատներս գիտեն իմ կյանքի մանրամասները, այդքանն ինձ բավական է:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե ուզում ես հաղթել թշնամուդ…»:
-Պետք է արհամարհես նրան:
-Ձեզ միշտ հետաքրքրել են տղամարդիկ, որոնք…
-Տղամարդու իմ իդեալն այսօր կողքիս է՝ ազնիվ, խելացի տեսակ: Ես հենց այդպիսին եմ նրան պատկերացրել:
-Ո՞րն է Ձեր բնավորության ամենալավ գիծը:
-Չեմ ուզում ինձ գովել, բայց նվիրվող եմ, անկեղծ, նաեւունակ եմ մտածածս ասել մարդկանց երեսին:
-Իսկ ո՞րն է Ձեր բնավորության ամենաանտանելի գիծը:
-Շուտ եմ բռնկվում,թեպետ հիմա շատ բան է փոխվել իմ մեջ:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ մարդը փոխվու՞մ է:
-Ոչ, բայց կարող է կատարելագործվել: Ամեն մարդ պետք է մշտապես աշխատի ինքն իր վրա, ուղղի սխալները:
-Կյանքը Ձեզ սովորեցրել է…
-Միայնակ անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ սովորեցի կյանքին թեթեւ նայել, թեպետ էմոցիոնալ մարդ եմ, եւ դա միշտ չէ, որ ստացվում է:
-Ո՞րն է Ձեր սիրելի մուլտֆիլմը:
-«Գտնված երազը»: Առհասարակ, հայկական արտադրության բոլոր մուլտֆիլմերը սիրում եմ:
-Ինչպիսի՞ մարդիկ են Ձեզ վանում:
-Շահամոլ, այսպես ասած՝ «փողի մեռած», քծնող մարդկանցից կիլոմետրերով հեռու եմ մնում:
-Ո՞վ է Ձեր անփոխարինելի ընկերը:
-Մայրս, իհարկե նաեւ ամուսինս: Ես չեմ ընդունում, երբ ամուսնանում են զուտ ամուսնանալու կամ երեխա ունենալու համար.քո կեսը պետք է նաեւ լավագույն ընկերդ լինի:
-Ձեզ հավատացյալ մարդ համարո՞ւմ եք:
-Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, իսկական քրիստոնյա եմ ինձ համարում:
-Գիտեմ, որ շներ շատ եք սիրում, բացի շնից՝ ի՞նչ կենդանի կպահեիք:
-Թութակ էլ եմ սիրում: Ես թափառող շներին կերակրել եմ դեռ մանկուց: Մինչեւ հիմա էլ այդ սովորությունը ունեմ:
-Նշեք մի երազանք, որն արդեն կատարվել է, եւ մի երազանք, որ դեռ չի կատարվել:
-Ես երազանքներ չունեմ, ունեմ նպատակներ, որոնց հասնում եմ իմ կամքով եւ աշխատասիրությամբ: Ամեն դեպքում, շատ կցանկանամ, որ պատերազմներ այլեւս չլինեն, եւ մեր զինվորներն էլ անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց տներ:
Անի Անտոնյան