«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել.
Քանի որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումները չեն դադարում՝ հարկ ենք համարում անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում մի քանի դիտարկումներ էր հնչեցրել «Արարատցեմենտ»-ի մասին, որոնք մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում: Հայկ Գևորգյանը՝ հղում անելով Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշմանը, հայտարարել էր, թե գործարանը Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել 200,000 ԱՄՆ դոլարով:
Այո՛, այդ որոշման մեջ կա նման կետ, բայց դա իրականություն պետք է դառնար միայն այն դեպքում, երբ նույն որոշման 3 կետի բ ենթակետի համաձայն, գնորդը մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատեր «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6,866 մլն ԱՄՆ-ի դոլարի արտարժութային վճարման չափով (9,7 մլն ԱՄՆ-ի դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք)՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք:
Սրանից զատ՝ գործարանն ունեցել է կուտակված բազմաթիվ այլ պարտքեր ևս, ընդհանուր թվով 1 միլիարդ 400 միլիոն դրամի սահմաններում, որոնք փակելու դեպքում էր միայն հնարավոր շահագործել գործարանը: Անդրադառնանք նաև այն պնդմանը, թե շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը պատրաստ է եղել 35 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարել «Արարատցեմենտ»-ում, սակայն անհասկանալի պատճառներով ներդրումները չեղարկվել են:
Պաշտոնապես տեղեկացնում ենք, «Հոլսիմ» ընկերությունը բավականին երկար ուսումնասիրել է գործարանում տիրող իրավիճակը և տեսնելով գործարանի հավելյալ պարտքերն ու անմխիթար վիճակը, առաջնահերթ դիտարկելով սեփական բիզնես շահը՝ պարզապես հրաժարվել է ներդրումներ կատարելուց:
Նշենք նաև, որ 2002 թվականին «Ռոբերտո» ընկերության կողմից «Արարատցեմենտ» գործարանի մասնավորեցումից միայն ամիսներ հետո է Գագիկ Ծառուկյանը ձեռք բերել բաժնեմասերի 25 տոկոսը, իսկ հետագայում արդեն՝ 2006 թվականին նոր միայն ձեռք է բերել մնացած 75 տոկոսը: Անդրադառնանք նաև այն դիտարկմանը, թե «Արարատցեմենտ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից ներդրումներ չեն կատարվել: Այս տարիների ընթացքում սեփականատիրոջ կողմից կատարվել է շուրջ 6.2 միլիարդ դրամի ներդրում, որը հստակ արտացոլված է գործարանի հաշվեկշիռներում: Եվ սա այն դեպքում, երբ այս 6.2 միլիարդ դրամում հաշվարկված չէ 2003 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից գործարանը նախագծողներին Հայաստան հրավիրելու, բարձր որակ ապահովելու նպատակով նոր սարքավորումների ձեռքբերման ծախսերը:
Հենց այս աշխատանքների շնորհիվ էր, որ կարճ ժամանակահատվածում հայկական ցեմենտի համբավը սկսեց տարածվել ամբողջ Կովկասի տարածաշրջանում, իսկ «Արարատցեմենտ»-ի բացառիկ որակի մասին մասնագիտական գնահատականները բազմաթիվ էին: Մենք հարկ չէինք համարի այսքան մանրամասնորեն անդրադառնալ այս հայտարարություններին, եթե այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից հերթական անգամ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը չտարածվեր «Արարատցեմենտ» գործարանի մասին: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր հայտարարել է, թե 2016 թվականին ԱԺ-ն օրենք է ընդունել, համաձայն որի «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է 500 միլիոն դրամի սահմաններում հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերի վճարման պարտավորությունից: Բաբկեն Թունյանը մեղմ ասած սուտ տեղեկություն է տալիս, քանի որ իր մատնանշած օրենքով այդ 500 միլիոնի արտոնությունը տրվել է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին:
«Արարատցեմենտ» գործարանը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է ակտիվորեն մասնակցել խորհրդարանում ձևավորվող աշխատանքային խմբի հրապարակային քննարկումներին, որտեղ առաջինից երկրորդ ընթերցումով քննարկվելու է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը: Մենք պատրաստ ենք մեր մասնագիտական գիտելիքներն ու այս ոլորտում աշխատանքի երկարամյա գործընթացում ձեռք բերած փորձառությունն օգտագործել արդյունավետ քննարկումների անցկացման նպատակով: Կարծում ենք, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի գործարանի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված քայլերը բխում են համընդհանուր շահերից: