Տարբեր պաշտոնատար անձինք այս օրերին հարց էին բարձրացրել, թե երբ է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը լքել երկիրը, որտեղ էին իրավապահ մարմինները:
ArmLur.am լրատվականը հետաքրքրվեց ՀՔԾ-ից, թե երբ է նա երկիրը լքել, ի պատասխան ArmLur.am-ի հարցմանը ՀՔԾ-ից հայտնեցին, որ Միհրան Պողոսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ այդ ժամանակ վարույթն իրականացնող մարմինը չէր կարող կանխել վերջինիս մեկնումը ՀՀ-ից, քանի որ անձի ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել նրա նկատմամբ խափանման միջոցի առկայության դեպքում:
Խափանման միջոցը կիրառվում է միայն կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ, իսկ Միհրան Պողոսյանը նշված ժամանակահատվածում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել: Դեռ ավելին, այդ ժամանակ նրա վերաբերյալ քրեական գործ Հատուկ քննչական ծառայությունում ընդհանրապես չի քննվել:
Քրեական գործը, որով կատարված նախաքննության ընթացքում ի հայտ են եկել Միհրան Պողոսյանի վերաբերյալ նախկինում վարույթը կարճված քրեական գործով վարույթը վերսկսելու նոր երևան եկած հանգամանքներ, ՀՔԾ-ում վարույթ է ընդունվել միայն 2018 թվականի հոկտեմբերի 15-ին: Այդ քրեական գործի քննության արդյունքներով` ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել է 2019 թվականի հունվարի 17-ին, և քրեական գործը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՔԾ: