Իրավապահ համակարգը պարզապես ետ է մնում ժամանակից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության 2018թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ մեկ ուշագրավ արձանագրում կա: «Հանցագործությունների բացահայտման միջոցների շարքում աստիճանաբար արդյունավետության պակաս է արձանագրվում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման դեպքում: Ակնհայտ է, որ, նախ, հետաքննության մարմինների ունեցած տեխնիկական հնարավորությունները ժամանակի ընթացքում անփոփոխ են մնում հանցագործությունների թվի տարեկան կայուն աճի պայմաններում, բացի դրանից` առկա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս վերահսկելու սովորական բջջային կապով իրականացվող հեռախոսազրույցները այն դեպքում, երբ բջջային հեռախոսների համապատասխան ծրագրային հավելվածները ավելի շատ են օգտագործվում, եւ դրանք վերահսկել, որպես կանոն, հնարավոր չէ»:

Այլ կերպ ասած, ՀՀ գլխավոր դատախազությունն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս իրավապահ համակարգը լուրջ խնդրի առաջ է կանգնում, եթե հանցագործության մեջ կասկածվողները կամ մեղադրյալներն իրար հետ շփվել են Whatsapp, Viber, Telegram եւ այլ հավելվածների միջոցով: Պատահական չէ, որ շատերը, հենց այս հանգամանքը նկատի ունենալով, գերադասում են կարեւոր զրույցների ժամանակ հենց այդ բջջային հավելվածներն օգտագործել: ՈՒ հետաքրքիրն այն է, որ իրավապահների աշխատանքն ավելի դժվարացնում է այն հանգամանքը, որ տարիներ շարունակ չեն թարմացվում տեխնիկական հնարավորությունները: Ասել է թե` իրավապահ համակարգը պարզապես ետ է մնում ժամանակից: Մինչդեռ եթե նկատի ունենանք հանգամանքը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում շատ հանցագործություններ արվում են տեխնիկական սարքավորումների միջոցով, իրավապահ համակարգի վերազինումն իսկապես հույժ անհրաժեշտ է դառնում: Ի վերջո, հաճախ խոսքը ոչ միայն հասարակ հանցագործությունների, այլ նաեւ շատ ավելի լուրջ դեպքերի մասին է»:

Ամբողջական հոդվաը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս