Նա ժողովրդից թաքուն ոչինչ չի անի. Արա Կետիկյանը` Փաշինյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Արա Կետիկյանի հետ:

-Պարո՛ն Կետիկյան, թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ եք տեսնում` Արցախյան հարցի լուծման հետ կապված: Այս մասով առաջընթաց տեսնո՞ւմ եք:

-Ես մեծ հույսեր ունեմ, որ առաջընթաց կլինի: Ուզում եմ Վազգեն Սարգսյանի բառերը հիշել, որ մենք պատրաստ ենք թե՛ պատերազմին, թե՛ խաղաղությանը: Խաղաղության պատրաստ լինելը մենք այլ կերպ ենք պատկերացնում, քան ուրիշները: Հավատացե՛ք, մենք ամենաշատն ենք գնահատում խաղաղության գինը` որպես կռվող տղաներ, եւ գիտենք, որ եթե ուզում ես խաղաղություն, ապա պետք է պատրաստ լինես պատերազմի: Մենք պետք է ուժեղ լինենք, զերծ մնանք Ղարաբաղյան հարցի շուրջ ուժեղ հայտարարություններից: Ընդամենը կարող եմ ասել, որ այդ հարցը պետք է լուծեն ժողովուրդները` տվյալ դեպքում հայ ժողովուրդը, որովհետեւ դա համազգային հարց է, ողջ ժողովրդով ենք այդ հարցը բարձրացրել, բոլորով ենք մաքառել, կռվել, 10-20 հոգով չենք այդ հարցը բարձարցրել: Սա է, որ հիմնականում ընկած է նաեւ նոր իշխանությունների քաղաքականության հիմքում, եւ ես դա ողջունում եմ:

Ի վերջո, մենք դիվանագետներ չենք: Շատ բաներ չգիտենք, ինֆորմացիա չունենք, մենք մեր խնդիրը կատարել ենք կռվի դաշտում, մենք այդ հողերը ազատագրողներն ենք եղել եւ այսօր էլ մեր բանակցողներին, իշխանություններին պետք է ասենք, որ մենք որպես ռեզերվ այսքան քանակով հայկական բանակի կողքին ենք:

-Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյան-Ալիեւ ոչ պաշտոնական հանդիպումից հետո շատերը մեծ աղմուկ բարձրացրին` նշելով, որ դա նորմալ չէ. մի քանի ժամ բանակցել են, եւ մարդկանց մանրամասներ հայտնի չեն: Այսպիսի հանդիպումների մեջ Դուք վտանգներ տեսնո՞ւմ եք:

-Նորմալ է, որ շատ մանրամասներ հայտնի չէին բանակցություններից: Կոնկրետ ես ոչ մի վտանգ չեմ տեսնում այդ ամենի մեջ: Մենք այդ հարցը վարչությունում դեռ չենք քննարկել, որ ասեմ բոլորի տեսակետը: Անկախ նրանից` պաշտոնական է, թե ոչ` բանակցային հարաբերություններում լինում է որոշակի գաղտնիության հատված, հետո դա գաղտազերծվում է: Որեւէ խնդիր չեմ տեսնում: Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է նորմալ եւ լեգիտի ընտրություններով: Ես վստահ եմ` նա ժողովրդից թաքուն ոչինչ չի անի:

-Ներկայիս իշխանությունները հստակ պահանջ են դրել` Արցախը վերադարձնել բանակցային սեղան: Արդյոք այս փուլում ռեալ եւ իրատեսակա՞ն եք համարում դա:

-Ուրախ կլինեմ, եթե Արցախը բանակցային սեղան վերադառնա: Արցախը անկախ պետություն է, ունի պետականություն, եւ դրանից բխում է նաեւ Արցախի վերադարձը: Մենք մի բան չենք հասկանում` Ադրբեջանի հոխորտանքները, որ հողեր` խաղաղության դիմաց, դա շատ վիրավորական է: Ի՞նչ է նշանակում դա: Խաղաղություն միայն մե՞զ է պետք: Եթե, Աստված ոչ արասցե, գլոբալ պատերազմ սկսվի, հաստատ իրենց զոհերը մեզնից քիչ չեն լինելու, ինչպես միշտ: Ավելին` մի քանի անգամ շատ են լինելու: Խաղաղությունը թող իրենք խնդրեն մեզանից:

-Ասում են` հեղափոխությունից հետո գրեթե ամեն տեղ իրավիճակ է փոխվել: Երկրապահում ի՞նչ է փոխվել, քաղաքականություն փոխվե՞լ է:

-Նախագահ է փոխվել: Չնայած հեղափոխության հետ դա բացարձակապես կապ չուներ, նոր վարչությանը ժամանակ է պետք, որպեսզի այդ փոփոխությունները լինեն, տեսանելի լինեն: Բոլորս միասին պետք է շարժվենք առաջ: Մի բան շեշտեմ. նոր վարչությունը, ըստ էության, հին երկրապահներից է կազմված: Թող տպավորություն չլինի, որ նոր մարդիկ են այնտեղ. մեր հին մարտական ընկերներն են, որոնցից շատերը Վազգեն Սարգսյանի հետ նաեւ այս կառույցի ստեղծողներն են եղել:

-Արմատական փոփոխություններ կլինե՞ն:

-Ամեն դեպքում, հիմնական գիծը կշարունակվի, որովհետեւ դա Վազգեն Սարգսյանի գաղափարախոսությունն է: Մնացած այլ փոփոխություններ, իհարկե, կլինեն:

-Տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո շատերն են միանում Երկրապահին, Դուք էլ բազմիցս ասել եք, որ անդամների թիվը ավելացել է: Ինչի՞ հետ եք սա կապում:

-Եղել են որոշ երկրապահներ, որոնք պաշտոնապես դիմումով չեն հեռացել ԵԿՄ-ից, բայց այլ կազմակերպություններ են ստեղծել, եւ այս տղերքը այսօր վերադառնում են: Ճիշտ չի լինի նրանց ասել. «Ինչո՞ւ եք վերադառնում»:

-Ձեր կարծիքով ինչո՞ւ են վերադառնում:

-Չգիտեմ: Այն խնդիրները, որոնք ժամանակին իրենց մտահոգել են, գուցե դրանց լուծման հնարավորություններ են տեսնում:

Լուսինե Մինասյան




Լրահոս