Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի զինծառայող, Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արամ Լալայանին մեղադրանք է առաջադրվել համագյուղացի Գնել Իսրայելյանի` փայտ վառելու համար նախատեսված վառարանը, մետաղական լինգն ու ունելին գողանալու համար։ Ա․Լալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդմասի 3-րդ կետով («Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»)։
Սույն արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորս հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Ա․Լալայանի նկատմամբ մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրա դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է ապրիլի 29-ին։