Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 25-ին այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան և հանդիպել տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:
Զրուցակիցները խոսել են Մատենադարանի կողմից իրականացվող ծրագրերի և հետագա նախագծերի մասին, քննարկել Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր:
Հանրապետության նախագահը նշել է, որ արտերկրյա այցերին միջազգային կազմակերպությունների ու պետության ղեկավարների հետ հանդիպման շրջանակում պարբերաբար ներկայացրել է Մատենադարանի գործունեությունն ու կառույցի մեծ ներուժը՝ դառնալու հնագույն ձեռագրերի ուսումնասիրման, պահպանման, վերականգնման, գնահատման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն:
Կողմերն ընդգծել են նաև, որ հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը լավագույն վայրը կարող է լինել օտարերկրացի մասնագետների վերապատրաստման, գիտահետազոտական ուսումնասիրությունների իրականացման համար: Խոսվել է տարբեր երկրներում, ինչպես օրինակ Իրաքում և Սիրիայում պատերազմի հետևանքով վնասված հին ձեռագրերը Մատենադարան բերելու և վերականգնելու հնարավորության մասին:
Այցի ավարտին նախագահ Սարգսյանն այցելել է Մատենադարանում գործող «Փոքրիկ ծաղկողներ» մանկապատանեկան կրթական ծրագրի մասնակիցներին: