«Մենք ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ». Փաշինյանը Արսեն Թորոսյանին հանձնարարություն է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Խորհրդակցությանը մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներն ու ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ներկայացուցիչները:

«Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում դեղերի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ, ահազանգեր է ներկայացրել նաև Հաշվեքննիչ պալատը: Վերջերս կառավարության որոշմամբ այս ոլորտում որոշակի կարգավորումներ մտցրեցինք՝ հույս ունենալով, որ առնվազն մեծ մասով առկա խնդիրները լուծում ենք: Այսօրվա քննարկման թեման և առիթն է՝ հասկանալ, թե վերջին կարգավորումներով ինչ խնդիրներ ենք կարողացել լուծել, դեռ ինչ խնդիրներ կան, որոնք մեր օրակարգում են և ինչ խնդիրներ կան, որոնք մեր օրակարգում չեն, բայց լավ կլիներ, որ լինեին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դեղերի գների վրա ազդող գործոններին, հարկային վարչարարությանը, դեղերի մեծածախ և մանրածախ իրացման խնդիրներին, մեծածախ և մանրածախ գործունեության տարանջատման հնարավորություններին, մաքսային պահեստներում դեղերի պահպանմանը, դեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին և այլ հարցերի: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, առկա խնդիրների շուրջ ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարել է ձևավորել հարթակ, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ կանցկացվեն պարբերական քննարկումներ՝ առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, դեղերի շուկայի կարգավորումների շուրջ: «Մեր քննարկումների նպատակն է, որպեսզի դեղերի գները շուկայում նվազեն: Որպես թիրախ պետք է ունենանք գնանկումը, մեր գործողությունների նպատակը պետք է լինի դեղերի գների նվազումը, բնականաբար առանց անվտանգությունը որևէ ձևով թուլացնելու»,- ամփոփել է կառավարության ղեկավարը և Արսեն Թորոսյանին հանձնարարել որոշ ժամանակ անց իրեն զեկուցել քննարկումների արդյունքների մասին:

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Հայաստանում այդպես էլ չի հաջողվում կանոնակարգել չգրանցված կամ փորձաքննություն չանցած դեղերի շուկան. Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այս ուղղությամբ մատը մատին չի խփում: Հատկապես Երեւանում ե՛ւ բժիշկներին, ե՛ւ տեսչական մարմնի աշխատակիցներին հայտնի է դեղատների ցանկը, որտեղ վաճառվում են չգրանցված կամ փորձաքննություն չանցած դեղեր:

Նախկինում տեսչական մարմնի աշխատողները պարբերաբար ձգձգել են դեղատները ստուգելու գործընթացը` պատճառաբանելով, որ իրենք կարող են միայն դեղատուն մտնել քաղաքացու բողոքի հիման վրա: Անգամ տեսակետ է շրջանառվում, որ տեսչական մարմնի աշխատողների կողմից իրականացված ստուգումների հարցը հաճախ փակվել է ավանդույթ դարձած «խորովածի սեղանի» շուրջ, եւ որոշ ժամանակ անց դեղատները դարձյալ սկսել են չգրանցված կամ էլ փորձաքննություն չանցած դեղորայք վաճառել: Հիմա շատերը հույս ունեն, որ թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ կփոխվի նաեւ այս ոլորտում:




Լրահոս