Ինչպե՞ս է Նկարիչների միությունում կուտակվել 31 միլիոնի պարտքը, և ի՞նչ տարածքներ են կորսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի կառավարման ժամանակահատվածից միությունը ժառանգել է մոտ 31 միլիոն դրամի պետական պարտք, որից 13 միլիոնը գոյացել է գույքահարկը չվճարելու, իսկ մոտ 18 միլիոնը՝ 2015-2017թթ. գոյացած ԱԱՀ-ն չվճարելու պատճառով՝ ներառյալ տույժերը եւ տուգանքները: Այս ամենի հետեւանքով միության հաշիվները սառեցվել են, գտնվում են կալանքի տակ, իսկ հաշվին եղած ողջ գումարը առգրավվել է ԴԱՀԿ-ի կողմից: Միության գործունեությունը փաստացի կաթվածահար է եղել: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է միության ներկայիս նախագահ Սուրեն Սաֆարյանի հետ:

-Պարո՛ն Սաֆարյան, նախ կցանկանայի հասկանալ՝ Ձեր նախորդի՝ միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի մասնակցությունը որն է եղել պարտքի գոյացման հարցում:

-Երբ 2015-2017 թթ. հասարակական կազմակերպությունները նույնպես հանդիսացան ԱԱՀ վճարող, միությունը սկսեց այս հարկերը կուտակել: Նախկին տնօրինությունը պնդում է, որ, օրինակ, ԱԱՀ-ի վերաբերյալ իրենց պարտավորությունների մասին չի ծանուցվել: Իրենց խոսքով՝ այդ է պատճառը, որ չեն վճարել: Բայց մենք բազմիցս ասել ենք, որ օրենքի չիմացությունը դեռ չի ազատում անձին պատասխանատվությունից: Ինչ վերաբերում է գույքահարկին, խոսքը «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող մեր շենքի գույքի մասին է: Այդ հարկը մի քանի տարի շարունակ չի վճարվել: Պատճառաբանում են, թե ամեն տարի Երեւանի քաղաքապետարանը ներել է պարտքը, բայց մենք չենք հասկանում, թե միությունը վերջին տարիներին ինչու չի դիմել քաղաքապետարան: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Մոտ 5 միլիոնի գույքահարկ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող շենքն է կուտակել, մոտ 8 միլիոն դրամի էլ՝ մեզ պատկանող քանդակի կոմբինատի շենքը:

-Ըստ Ձեզ՝ սա ինչի՞ հետեւանք է, Ձեր որակումը ո՞րն է:

-Ես սա համարում եմ թերացում, շատ անփույթ աշխատելաոճ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում գործին:

-Մի բան, այնուամենայնիվ, անհասկանալի է, եթե նույնիսկ ընդունենք, որ միության ղեկավարությունը չի իմացել կուտակվող հարկերի մասին: Իսկ երբ արդեն իրազեկվել է, ինչու՞ քայլեր չի ձեռնարկել դրանք մարելու համար, ինչու՞ եք Դուք ժառանգել այդ հսկայական պարտքը:

-Ես եղել եմ միության վարչության անդամ եւ հիշում եմ, որ ղեկավարությունը մշտապես նշում էր, թե` այո՛, մենք ունենք պարտքեր, բայց դրանք չնչին են, կմուծվեն, որ միությունն իր գործունեության բնականոն ընթացքի մեջ է եւ այլն: Հիմա, երբ արդեն նախագահ եմ, հասկացել եմ, որ շատ խնդիրներ կան, որոնք լուծելու համար ժամանակ է պետք: Այն ծրագրերը, որոնք առաջ են քաշվել համագումարի ընթացքում, դեռ չենք կարող իրագործել, բայց ձեռքերս ծալած չեմ նստում: Կուտակված պարտքի թեմայով միության անունից դիմել եմ վարչապետին եւ քաղաքապետին: Գործն ընթացքի մեջ է:

-Նկարիչների միության շենքն այսօր զրկվել է տանիքից եւ նկուղից: Ըստ Կարեն Աղամյանի՝ շենքի ցուցասրահների հատվածը վերակառուցվել է վերնահարկը Էդուարդ Թախունցին վաճառելու կամ նվիրատվություն անելու արդյունքում: Վերջինս համաձայնել էր դրա դիմաց վերանորոգել ցուցասրահները։ Ստացվում է՝ տարածք վերանորոգելու համար տարածք եք կորցրել, աբսուրդ չէ՞:

-Ես կասեի՝ տվել ենք տանիքը, որպեսզի ունենանք վերանորոգված ցուցասրահներ: Բայց երբ մի բան զիջում ես, պետք է հասկանաս՝ դրա դիմաց ինչ ես ձեռք բերում: Միայն վերանորոգված ցուցասրահները մեզ համար քիչ են: Նույնն է իրավիճակը ջեռուցման մասով: Ցուցասրահներում ունենք ջեռուցման համակարգ, սակայն չունենք կաթսա: Շենքի վերնամասի սեփականատիրոջ կաթսան ենք օգտագործում: Նա կա՛մ զիջում է, կա՛մ մենք վճարում ենք: Բայց ինչո՞ւ, եթե կարող էինք մեր կաթսան ունենալ:

-Նկարիչների միությունը նախկինում ուներ կոմբինատներ, որոնք կորցրեց: Օրինակ՝ Կոմիտասի պողոտայում գտնվող ահռելի կոմբինատը, որքանով տեղյակ եմ, նախկին նախագահ Պողոս Հայթայանի օրոք միությունը պարտք է ունեցել եւ Կարեն Աղամյանի օրոք չվճարելով՝ կորցրել է կոմբինատը: Հիմա միությունը փաստացի քանի՞ կոմբինատ ունի: Եվ արդյոք Ձեր հեռահար պլանների մեջ մտնո՞ւմ է դրանց վերականգնումը, թեկուզ այլ վայրերում:

-Մենք ունենք քանդակի կոմբինատ Նոր Նորքում, որի հետ կապված մեծ ծրագրեր կան: Մտածում ենք նախագծեր, որոնցով կակտիվանա կոմբինատի կյանքը: Եվ մի կոմբինատ էլ ունենք Վարդաշենում, որը, սակայն, սեփականության վկայական չունի: Սա եւս նախորդ ղեկավարությունից ժառանգված խնդիր է:

-Միության անդամները տարբեր առիթներով դժգոհել են, որ Կարեն Աղամյանը ցուցադրություններին ներառում է յուրային նկարիչների եւ իր գործերը՝ ստվերելով մյուսների աշխատանքը: Հիմա լուսանցքից դուրս մնացած արվեստագետները հույս ունենա՞ն, որ իրենց համար նոր հնարավորություններ կստեղծվեն:

-Բոլոր պրոֆեսիոնալ արվեստագետների համար, որոնք կցանկանան մեզ մոտ ցուցադրվել, դռները բաց են: Մենք հիմա առողջ մտքի, գաղափարի կարիք շատ ունենք:

Աննա Բաբաջանյան




Լրահոս