Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, ,Իմ քայլըե եւ ,City of smile ժպիտների քաղաքե բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 25-ին այցելել է հայկական արտադրության MADE Fashion corner խանութ եւ կատարել մի շարք գնումներ: Նա խոստացել է կրել բացառապես հայ դիզայներների այն արտադրանքը, որ հնարավոր կլինի ձեռք բերել Երեւանի խանութներում: Խանութի հիմնադիրներն են չորս հայ դիզայներ՝ Արեւիկ Սիմոնյանը՝ «Kivera Naynomis» բրենդով, Արամ Նիկոլյանը՝ «Nikolyan» բրենդով, Ֆաինա Հարությունյանը՝ «FAINA» բրենդով եւ Միկա Դանիելյանը՝ «Harmony» բրենդով:
Արամ Նիկոլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ տիկին Հակոբյանի խոստումը բավական ոգեւորիչ է. չէ՞ որ տարբեր երկրներում առաջին տիկինները հանդիսանում են ճաշակ թելադրող. «Սա կխթանի հայկական արտադրանքի տարածմանը եւ շատ լավ փիար քայլ կլինի: Եթե առաջին տիկինը վստահում է, հանրությունը եւս վստահություն կունենա հայկական արտադրանքի նկատմամբե,-ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե Աննա Հակոբյանի կերպարում ինչն է իրեն առավել գրավում, ոճաբան-դիզայները պատասխանեց. ,Գանգուր վարսերը նրա համար կարող են դառնալ բրենդային: Դա այն է, ինչ իրեն պետք է: Թեեւ նկատում եմ, որ ժամանակ առ ժամանակ հարթեցնում են մազերը: Տեսեք՝ ասում ենք Մելանյա Թրամփ, եւ նրա կերպարը աչքներիս առաջ է գալիս: Նույնը կարող է Աննա Հակոբյանի պարագայում լինել: Կարեւորն այն է, որ նա բաց է բոլոր կարգի դիտարկումների առաջ եւ լսելու ունակություն ունի»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ հայ դիզայներների հավաքածուներում առկա է արդյոք պաշտոնական ոճի զգեստների մեծ տեսականի: Եթե նկատի ունենանք, որ այսուհետ տիկին Հակոբյանը բացառապես դրանցից է օգտվելու, ուրեմն հարկավոր չէ արդյոք ընդլայնել տեսականին. «Հայաստանում ֆորմալ հագուստի պահանջարկը մեծ չէ, իսկ հայ դիզայներները միանգամից բոլոր ուղղություններով աշխատելու հնարավորություն չունեն: Բայց եթե հայկական արտադրանքից օգտվելու միտումը շարունակական է լինելու, կգտնվեն դիզայներներ, որոնք կստեղծեն հենց ֆորմալ հագուստ: Գլոբալ առումով ես որեւէ խնդիր չեմ տեսնում»,-եզրափակեց Արամը:
Աննա Բաբաջանյան