Որևիցե ընկերություն չի կարող այլեւս լինել օրենքի առջև արտոնյալ. Մեսրոպ Առաքելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ տնտեսական հեղափոխություն ասվածը Հայաստանում արդեն սկսվել է, ու ցանկացած մարդ, որը խուսափել է հարկային պարտքերը կատարելուց, պետք է ենթարկվի պատասխանատվության:

-Պարո՛ն Առաքելյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր տնտեսական հեղափոխության մասին, սակայն ընդդիմադիրները հայտարարում են, որ այդ հեղափոխություն ասվածը ընդամենը հայտարարվել է, ու դրա համար իշխանությունները որեւէ բան չեն անում: Արդյոք որեւէ բան չի՞ արվում տնտեսությունում հեղափոխություն սկսելու համար:

-Քաղաքական հեղափոխությունների կամ իրադարձությունների մասին յուրաքանչյուրը կարող է իր մոտեցումներն ունենալ, եւ կառավարության այն մոտեցումը, որը դրված է ցանկացած հեղափոխության հիմքում, հեղափոխության առաջին իսկ պահից իրականացվում է: Ընդհանրապես, տնտեսության մեջ կատարվող իրադարձությունները ամենօրյա աշխատանք են, այսինքն` կոնկրետ ֆիքսել մի իրադարձություն, որ սա պետք է տեղի ունենա, որ ասենք` մենք հասնել են տնտեսական հեղափոխության, թե ոչ, այդպես չէ: Կառավարությունն իր քայլերով արդեն իրականացրել է բազմաթիվ փոփոխություններ, որոնք հենց տնտեսական հեղափոխության հիմք են հանդիսանում: Եթե հետ գնանք այս տասնամյակների ընթացքում ստեղծած իրավիճակին, որը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը, դա համակարգային կոռուպցիան էր, իշխանության եւ բիզնեսի էական սերտաճումը, նաեւ տնտեսության մեջ օրենքի թերի կամ շատ հաճախ խնդրահարույց կիրառումը: Եվ այս պահին մենք կարող ենք ֆիսքել, որ իշխանությունը եւ բիզնեսը ամբողջովին տարանջատված են: Յուրաքանչյուր ոք գործող օրենքների շրջանակներում լիարժեք հնարավորություն ունի բիզնեսով զբաղվելու, չկան արտոնյալներ: Իհարկե, այս պահին դեռեւս մնացել են որոշ խնդիրներ, խոչընդոտներ, որոնք նույնպես կառավարության գործողությունների կազմակերպման արդյունքում վերացվում են: Եվ նաեւ քայլեր են իրականացվում օրենսդրության փոփոխության, որովհետեւ, այո, միայն օրենքի գերակայությունը բավարար չէ մեծ հաջողությունների հասնելու: Օրինակ` առաջին կարեւորագույն քայլը Հարկային օրենսգրքի փոփոխությունն է, որ, կարծում եմ, արդեն մեկ ամիս հետո իրականություն կդառնա ոչ ամբողջությամբ, քանի որ դրանք փոփոխությունների առաջին փուլն են, բայց արդեն տնտեսության մեջ հնարավորություն կտան հաջորդ տարվանից, քանի որ այդ փոփոխությունների մի մասը հաջորդ տարվանից է ուժի մեջ մտնելու: Արդեն հաջորդ տարվանից մի քայլ ավելի առաջ կգնանք այդ բարեփոխումները տեսնելու հարցում:

-Հենց ընդդիմությունը նշում է, որ եթե չլինի օրենսդրական փոփոխություն, ապա վարչապետի հայտարարությունը կմնա օդում կախված:

-Եթե խոսքը խորհրդարանական ընդդիմության մասին է, ապա խորհրդարանական ուժերը լիարժեք հնարավորություն ու պարտավորություն ունեն օրեսդրական նախաձեռնությամբ հանդես գալու: Եթե մեր ընդդիմադիր գործընկերները ունեն օրենսդրական առաջարկներ, որոնք կնպաստեն տնտեսության է՛լ ավելի լավ բարեփոխումների, կառավարությունը միշտ բաց է քննարկելու եւ աջակցելու օրենսդրական նախաձեռնություն: Մեր հիմնական նպատակը նաեւ կառավարության որոշումների շրջանակներում հենց նաեւ բարենպաստ օրենսդրական դաշտ եւ բիզնես միջավայրի ստեղծումն է ե՛ւ գործող բիզնեսմենների համար, ե՛ւ նոր ներդրողների համար:

-Բայց, ըստ ընդդիմության, իշխանությունները իրենց գործելաոճով ճնշում են Հայաստանում գոյություն ունեցող բիզնեսների վրա, որը վերաբերում է նաեւ «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորմանը: Չե՞ք կարծում, որ տնտեսության զարգացումը պետք է լինի նման ընկերությունների աշխատանքով, եւ ոչ թե նրանց ճնշմամբ:

-Որեւիցե ընկերության նկատմամբ որեւիցե քաղաքական ճնշում չկա, որեւիցե ընկերություն չի կարող այլեւս լինել օրենքի առջեւ արտոնյալ, օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ այդ տեսանկյունից, անկախ նրանից, թե որ գործունեությունը ինչ է անում, ինչ աշխատանքով է զբաղվում, հավասարապես օրենքի առջեւ պատասխանատու է: Եթե կան օրենքի առջեւ խնդիրներ, չվճարված հարկեր, դա անքննարկելի է, եւ չկա տնտեսական այլ գործոն, որը կարող է գերակայել եւ հնարավորություն տալ խուսափելու մարդկանց հարկեր վճարելուց: Եթե նախկինում եղել են արտոնյալներ եւ, այսպես ասած, «չսիրելի» գործարարներ, ապա ներկայիս իշխանության համար բոլորը հավասար դաշտում են, ու բոլորի համար գլխավոր գործընկերը օրենքն է: Բոլոր ընկերություններն էլ մեզ համար կարեւոր են, բայց, նորից եմ կրկնում, որեւէ բարի նպատակ չի կարող լինել առաջնային, քան պետությանը հարկերը չվճարելը: Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի յուրաքանչյուր տնտեսվարող հնարավորություն ունենա օրենքի շրջանակներում իր բիզնես շահերը պաշտպանել եւ օգուտ ստանալ:

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս