Հիմնադրամ՝ դեսպանատների ֆինանսավորման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վերջին նիստում, գործադիրի որոշմամբ, պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին հատկացվեց 347 մլն 522 հազար դրամ՝ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չեն եղել։ Նրանց մի մասն իրենց առաջարկությամբ հրաժարվել է հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից եւ ներկայացուցչական այլ ծախսերից։

ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել, եւ այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել։ Այժմ, սակայն, երբ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետբյուջեից ապահովելու անհրաժեշտությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստի ժամանակ նշել է.

«Պետք է խոստովանել, որ բավական տարօրինակ իրավիճակ է, որովհետեւ տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ: Այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը եւ ամեն ինչը պատկանում է մի կոնկրետ մարդու, բայց նրանք հանդես են գալիս պետության անունից, եւ պետական ֆինանսավորում չկա: Սա, ըստ էության, շատ տարօրինակ իրավիճակ է` անկախ նրանից, թե ով է դեսպանը, եւ բազմաթիվ հարցեր է ծագում: Եվ, կարծում եմ, բազմաթիվ հարցերի պատասխանները գտնելը նաեւ օրակարգային է այսօր Հայաստանի Հանրապետության համար»:

Նկատենք, որ այս թեման միշտ էլ եղել է քննարկումների օրակարգում: Ըստ էության, հատկապես Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին դեսպանի պաշտոնը դարձրել էր լավագույն նվերը որեւէ պաշտոնյայի աշխատանքից ազատելուց հետո: Նա սովորաբար պատվավոր թոշակի էր ուղարկում՝ դեսպան դարձնելով. այդպես եղավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում, որը հրաժարականից որոշ ժամանակ անց նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, հետո էլ` ԵԱՏՄ-ում կոլեգիայի ղեկավար: Գործարարներին եւ քիչ թե շատ մեծահարուստներին դեսպանի կամ հյուպատոսի պաշտոններում նշանակելը եւս պատահական չէր. դա, մի կողմից, լավություն էր նրանց, մյուս կողմից էլ` այդպես դեսպանատներ էին պահվում: Ի դեպ, հենց այդ նպատակով էլ դեռ 2009թ. մարտին ստեղծվել է «Արտաքին հարաբերությունների աջակցության հիմնադրամ», որի պաշտոնական հասցեն ԱԳՆ-ի հասցեն է՝ Վազգեն Սարգսյան 3, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն էլ այն ժամանակվա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու նրա տեղակալներն էին:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Արտաքին հարաբերությունների աջակցության հիմնադրամն» այս տարիներին կոնկրետ դեսպանատների եւ հյուպատոսարանների որոշակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել: Հետաքրքիրն այն է, որ այդ հիմնադրամի միջոցները գոյացել են հիմնականում այն ընկերությունների նվիրատվություններից, որոնց սեփականատերերը դեսպաններ ու հյուպաստոսներ են, եւ գումարներն ուղղվել են հենց այդ անձանց գլխավորած դեսպանատներ ու հյուպատոսարաններ. Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշի, Սերժ Սարգսյանի փեսա՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ու այլոց դեպքում հենց այդպես է եղել:

Եւ, այսպես, 2015թ. այս հիմնադրամ տարբեր դեսպանների ու հյուպատոսների անվան հետ առնչվող ըկերություններից մուտք է եղել 711 մլն 131.4 հազար դրամ: Այդ գումարից Դանիայում ՀՀ դեսպանության պահպանման համար ուղղվել է 77,8 մլն դրամ, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության պահպանման համար` 114 մլն դրամ, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատեսության պահպանման համար` 83,4 մլն դրամ, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության պահպանման համար` 235,2 մլն դրամ, ու վերջապես ԱԳՆ ընթացիկ ծրագրերի համար տրվել է 19.6 մլն դրամ:

2016 թվականին հիմնադրամին «Դար» հիմնադրամից Դանիայում ՀՀ դեսպանության պահպանման համար փոխանցվել է 47,1 մլն դրամ: «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ից Իտալիայում ՀՀ դեսպանության լրացուցիչ ֆինանսավորման համար փոխանցվել է 6,8 մլն դրամ, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանատան պահպանման համար` 38 մլն դրամ: Նույն թվին Վարդան Սիրմաքեշի կողմից Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության պահպանման համար փոխանցվել է 43,6 մլն դրամ, իսկ Շվեյցարիայում ՀՀ դեսպանության լրացուցիչ ֆինանսավորման համար` 16,7 մլն դրամ: «Մաքսիմուս օվերեսիզ լիմիթեդ» ՍՊԸ-ից Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության պահպանման համար տրամադրվել է 53,4 մլն դրամ, ԱԳՆ ընթացիկ ծրագրերի համար էլ ծախսվել է 63.3 մլն դրամ:

2017 թվականին Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսներից 94 մլն դրամ է փոխանցվել ՀՀ արտաքին գործերի նախարարության ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար: Նույն թվականին «Սարտիս ՍՌԼ»-ից Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության պահպանման համար փոխանցվել է 44,3 մլն դրամ, «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ից Իտալիայում ՀՀ դեսպանության լրացուցիչ ֆինանսավորման համար փոխանցվել է 19,9 մլն հազար դրամ գումար, «Մաքսիմուս օվերեսիզ լիմիթեդ» ՍՊԸ-ից Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության պահպանման համար կրկին փոխանցվել է գումար` 81,5 մլն դրամի չափով: 2017թ.-ին «Դար» հիմնադրամից Դանիայում ՀՀ դեսպանության պահպանման համար փոխանցվել է 42,2մլն դրամ, ԱԳՆ ընթացիկ ծրագրերի համար տրվել է 38.8 մլն դրամ:

Ի դեպ, նկատենք որ այս հիմնադրամը հիմա էլ է գործում: «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկացավ հիմնադրամի տնօրեն Արմենուհի Գալստյանից:

Լուսինե Մինասյան




Լրահոս