Քաղաքացու օրը Հանրապետության նախագահի աշխատակազմն աշխատանքի է ընդունել ևս մեկ քաղաքացու՝ Լիպարիտ Մելքոնյանին, ով հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորվել և հաշմանդամություն էր ձեռք բերել: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
«Շուրջ մեկ տարի առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել կոչով՝ աջակցելու հայրենիքի պաշտպանին: Խոսքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աշխատանքով ապահովելուն:
Որպես օրինակ, որպես բարոյական պարտավորություն՝ Հանրապետության նախագահի աշխատակազմն այդ կոչն իրականություն դարձնելու ճանապարհին ամիսներ առաջ կատարեց առաջին քայլը՝ աշխատանքի ընդունելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող և մասնագիտական հմտություններ ունեցող զինծառայող Գոռ Դարմանյանին:
Նախագահ Սարգսյանը նաև ասել էր, որ գործընթացը լինելու է շարունակական: Եւ այսօր՝ Քաղաքացու օրը, Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի է ընդունվում հայրենիքի ևս մեկ պաշտպան՝ Լիպարիտ Մելքոնյանը: Հայաստանի Հանրապետության ևս մեկ քաղաքացի ապահովվում է աշխատանքով:
Շարունակենք աջակցել մեր երկրի ու յուրաքանչյուրիս խաղաղության ու անվտանգության համար իրենց առողջությունը զոհաբերած մեր զինծառայողներին՝ աշխատատեղեր ապահովելով նրանց համար»: