ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:
2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 16:20-ին, Լոռու մարզի` 2004 թվականին ծնված բնակիչը «կրծքավանդակի ձախ կեսի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, հեմոռագիկ շոկ՝ 4-րդ աստիճանի ագոնալ վիճակով» ախտորոշմամբ ընդունվել է ՀՀ ԱՆ «Տաշիր բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ նույն օրը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ դանակի գործադրմամբ՝ իր հասակակցի կողմից: Վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին